Բավ է պառակտվել
26-01-2021 20:50

«Նիկոլ գոռացողները տղամարդ չեն»․ Վազգեն Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն Արարատում հանդիպման ժամանակ հայտարարել է, թե պատերազմի ավարտից երկու շաբաթ առաջ ինքն առաջարկել է, որ զինվորականներն իրենց ձեռքը վերցնեն իշխանությունը:

«Նույնանման դեպքերում, մյուս երկրներում, երբ որ զինվորականները տեսնում են, որ իրանց տանում են պարտության, զինվորականության վերնախավը իշխանությունը վերցնում է իր ձեռքը, ժամանակավոր՝ մեկ տարով, երկու տարով, երեք տարով, ավարտում է ամեն ինչ, նորից հանձնում է: «Պատերազմի ժամանակ հեռախոսի միջոցով միշտ կապվում էի Արցախի հետ, գեներալների հետ, ասում էի. «...Վերցրե՛ք իշխանությունը ձեր ձեռքը, մի՛ թողեք, որ Արայիկ Հարությունյանը, սրա հրամանները կատարի, և Արցախը կորցնի իր ինքնուրույնությունը»,–ասաց Վազգեն Մանուկյանը։

Ըստ Մանուկյանի 19-րդ դարի վերջում 20-րդ դարի սկզբում հայերը հասկացան, որ մինչև չունենան պետություն, մինչև չունենան բանակ՝ իրենք ոչ միայն անվտանգությունը չեն կարող պաշտպանել, այլ չեն կարող նաև զարգանալ, չեն կարող հարստանալ։

«Եվ սա ամայի մի տարածք էր, խեղճ մարդկանցով ապրող, բայց հայերը հարուստ ապրում էին Ստամբուլում, Բաքվում, Թիֆլիսում։ Այն ժամանակվանից սկսվեց այս շարժումը։ Մեր շարժումը բերեց նրան, որ մենք ունեցանք պետություն։ Այդ պետությունը դարձավ սովետական, մենք աննախադեպ աճ ունեցանք Խորհրդային Միության ժամանակ»,-շարունակելով՝ նշեց նա։

Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին հայերը քանակությամբ աճեցին, ունեցան լավագույն ինժեներներ, գիտնականներ, զինվորականներ և 1988 թվականին շարունակեցին պայքարը, ունեցան անկախ պետություն, հաղթեցին։

«Մենք այս տարածաշրջանում համարվում ենք ամենահզոր բանակը, ամենահարգվածը, որի հետ հաշվի էին նստում։ Հիմա մեր հետ հաշվի չեն նստում։ Հիմա ադրբեջանցիները կարող են հանգիստ մտնեն, ինչ ուզես անեն։ Մենք ոչ միայն կորցրեցինք տարածք, մենք ոչ միայն կորցրեցինք բանակ, մենք կորցրեցինք մեր տղամարդկությունը։ Էն որ Նիկոլ են գոռում, դրանք տղամարդ չեն։ Դա քաղաքական հարց չի։ Նրանց մեջ նամուս չկա, խիղճ չկա, ազգային ոչ մի բան չկա»։

Արմինե Գևորգյան