Բավ է պառակտվել
13-09-2021 21:48

Իրանը դեռ սպասում է Հայաստանի արձագանքին․ Սյունիքում իրանական բեռնատարների պատմության հետևանքները

Ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին ստուգում են իրանական բեռնատարները, որոծ տեղեկություններով՝ նույնիսկ գումար են պահանջում վարորդներից։ Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է փորձագետների հետ պարզելու, թե ինչո՞վ է հղի այս ամենը։
Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարների ստուգման առնչությամբ Իրանը գնահատական տալ չի շտապի`նախ կսպասի ՀՀ կողմից պաշտոնական արձագանքի։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանն` անդրադառնալով Հայաստանի Սյունիքի մարզում իրանական բեռնատարների երթևեկության հետ կապված խնդրին։
Հայաստանի ԱԱԾ-ն սեպտեմբերի 12-ին հայտնել էր, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռնատարները փաստաթղթերն ու բեռները ստուգելու համար: Չհաստատված տեղեկություններով՝ ադրբեջանցիներն իրանցի վարորդներից 250 դոլար են ուզում։

«Իրանական կողմը սպասողական վիճակում է` ամեն ինչ կախված է ՀՀ արձագանքից, որը դեռ չկա։ Ճիշտ է, Իրանը բացասական է վերաբերվում այս խնդրին, քանի որ մեծ կարևորություն է տալիս հայ–իրանական առևտրաշրջանառությանը», – ասաց Միսակյանը։

Նա հիշեցրեց նախորդ ամիս` օգոստոսի 5-ին, Իրան այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որ ՀՀ–ն հանձնառություն ունի Իրանի հետ ունեցած հարաբերություններն ամենաբարձր մակարդակով խորացնելու։ Սյունիքում ստեղծված իրավիճակը, ըստ իրանագետի, խանգարելու է դրան. հայ-իրանական միջպետական ճանապարհի հետ կապված ցանկացած խնդիր առևտրատնտեսական հարաբերությունների վրա բացասական ազդեցություն կունենա։
Բացի այդ, այս ամենը բացասական ազդեցություն կունենա նաև Հայաստանի միջազգային դիրքի վրա։ Նրա խոսքով` այսօր իրանական կողմում սոցցանցային մակարդակում բավականին բացասական են վերաբերվում այն հանգամանքին, որ հայկական կողմը չի կարողանում իր ճանապարհահատվածի նկատմամբ վերահսկողություն սահմանել։ Ինչ վերաբերում է այս ֆոնին իրանա-ադրբեջանական հարաբերություններին, ապա այս ամենի հետևանքով դրանք վերանայվել չեն կարող։
«Իրան-Ադրբեջան հարաբերություններն առանձին են դիտարկվում, իսկ հայ–իրանական, ինչպես նաև Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի հետ կապված խնդիրները` առանձին։ Հատկապես, երբ հայկական կողմից չեն հնչում հայտարարություններ, որ Ադրբեջանի այս քայլը միջպետական սահմանի խախտում է»,– ասաց Միսակյանը։
Տնտեսագետ Արմեն Քթոյանն էլ իր հերթին կարծում է, որ ստեղծված իրավիճակը ոչ մի լավ բան չի խոստանում, և եթե լուծում չստանա՝ ենթակառուցվածքների լրջագույն խնդրի կբախվենք։

«Փաստացի բեռնափոխադրման խնդիրների, խոչընդոտըների հետ ենք բախվում, ինչը հավելյալ ծախս է ենթադրում։ Սա կարող է բերել ներկրվող ապրանքների որոշակի ծավալների սեղմման, դեֆիցիտ կարող է առաջանալ կամ էլ գնաճ արձանագրվել։ Սա կախված է այն հանգամանքից, թե որքան ժամանակ կմնա չլուծված այս խնդիրը»,– ասում է Քթոյանը։

Ստեղծված իրավիճակը նաև առանձնակի սրությամբ դնում է «Հյուսիս-հարավի» լիարժեք կառուցման անհրաժեշտությունը։ Քթոյանը նշում է` առանց այն էլ Հայաստան-Իրան մայրուղին շատ շահավետ չէ։ Այն լոգիստիկ առումով խնդրահարույց է և ծախսատար․ մեքենաները բարդ ռելիեֆով են երթևեկում, և երկար ժամանակ է պահանջվում բեռները տեղափոխելու համար, ինչի պատճառով էլ ներմուծվող ապրանքների գինը բարձր է լինում։

Խնդրի լուծման տարբերակներից մեկն այլընտրանքային ճանապարհ ստեղծելն է, կարծում է տնտեսագետը։ Նման քայլը բավականին ծախսատար կլինի, սակայն տնտեսագետը համոզված է, որ պետք է օգտագործել այլընտրանքային ճանապարհներ կառուցելու բոլոր հնարավորությունները։

«Ապավեն» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը հայտնեց` որքանով տեղյակ է, ադրբեջանական կողմը նաև որոշակի գումար է պահանջում իրանցի վարորդներից։ Նա նշեց նաև, որ գումար են պահանջում որպես «իրենց տարածքով» անցնելու հարկ։

«Մի փոքր գների բարձրացում կլինի։ Եթե մի մեքենայի վրա լրացուցիչ 250 դոլարի ծախս է լինելու, ապա յուրաքանչյուր տոննայի վրա մեկ դոլար թանկացում կլինի»,– ասաց Աղաջանյանը։
Նա վստահեցրեց, որ այս ամենը հայկական բեռնատարներին չի վերաբերում։

Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի հարավում ադրբեջանցի ոստիկանների կողմից իրանական բեռնատարների ստուգումները։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ փորձում են օգտագործել Իրանի հնարավորությունները տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության հանար՝ բոլոր հարևանների մասնակցությամբ։

Միաժամանակ Ադրբեջանի մաքսատան ծառայությունը նույնպես հայտարարել էր` օտարերկրյա պետությունների ավտոտրանսպորտային միջոցները հարկվում են ճանապարհային հարկով, ինչպես նաև պետական տուրքով՝ Ադրբեջանի տարածքով փոխադրումները անելու համար։