Բավ է պառակտվել
04-03-2025 20:11

Թեհրանը զգուշացնում է Անկարային. Իրանը թույլ չի տա, որ իր տարածաշրջանային կապերը խաթարվեն չմտածված հայտարարություններով.

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին սուր քննադատության է ենթարկել Թուրքիայի արտգործնախարարի վերջին հայտարարությունները՝ դրանք անվանելով անհիմն, գրում է Mehr-ը։

Նա ընդգծել է, որ որոշ թուրք պաշտոնյաներ պետք է գիտակցեն, որ նման միջամտության հայտարարությունների կրկնությունը չի բխում երկկողմ հարաբերությունների շահերից։

Վելայաթիի խոսքով՝ Իրանը ոչ մի երկրի թույլ չի տա անպատասխանատու հռետորաբանությամբ խաթարել իր պատմականորեն կայացած տարածաշրջանային կապերը, հաղորդում է PressTV-ն։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ հավատարիմ է եղել փոխադարձ հարգանքի և այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին։ Մենք ակնկալում ենք, որ թուրք պաշտոնյաները հավատարիմ կմնան դիվանագիտական ​​էթիկային և զերծ կմնան անհիմն մեղադրանքներից»,- նշել է նա։

Խամենեիի խորհրդականը նաև ընդգծել է Իրանի հզորությունը՝ որպես հին քաղաքակրթություն ունեցող պետություն, որը հետևողականորեն աշխատել է տարածաշրջանային անվտանգության և համագործակցության ամրապնդման ուղղությամբ: Նա Անկարային զգուշացրել է Թեհրանի դիրքերն ու ազդեցությունը թերագնահատելուց։

«Եթե Թուրքիայում որևէ մեկը կարծում է, որ արտաքին ուժերի կողմից քարոզվող կեղծ պատմությունների կրկնումը կթուլացնի Իրանի դերը տարածաշրջանում, ապա դա խորը սխալ է»,- ասել է նա։ «Պատմությունն ապացուցում է, որ Իրանը հավատարիմ է մնում իր սկզբունքներին և արժանապատվորեն կպատասխանի անհարգալից վերաբերմունքի ցանկացած դրսևորմանը»:

Վելայաթին նաև նշել է, որ աշխարհագրական մերձությունը և ընդհանուր շահերը միավորում են Իրանին և Թուրքիային, ուստի կարևոր է խուսափել հայտարարություններից, որոնք կարող են բարդացնել երկկողմ հարաբերությունները։

«Իրանը միշտ բաց է երկխոսության և փոխգործակցության համար, բայց չի լռի անհիմն հռետորաբանության առաջ»,- ընդգծել է նա։

Անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին՝ Խամենեիի խորհրդականը մատնանշել է շարունակվող անորոշությունը և երկրի մասնատման աճող ռիսկը։ Նա ասաց, որ տարբեր խմբավորումներ, այդ թվում՝ քրդերը, ալավիները, ԴԱԻՇ-ը (ԻՊ) և (Հայաթ) Թահրիր ալ-Շամը, բոլորն էլ պայքարում են տարածքի որոշ հատվածների նկատմամբ վերահսկողության համար՝ մեծացնելով քաղաքացիական պատերազմի հավանականությունը:

Նա նաև ուշադրություն է հրավիրել Սիրիայում օտար ուժերի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայության վրա, ինչը, նրա կարծիքով, մեծացնում է պետության պառակտման վտանգը։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն կանչել էր Թեհրանում Թուրքիայի դեսպան Հիջաբի Քիրլանգիչին՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունները պարզաբանելու համար։ Վերջինս Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը զգալի ռեսուրսներ է ծախսում տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական հավակնությունների իրականացման համար։