Բավ է պառակտվել
15-09-2022 18:52

Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը սակարկման առարկա չպետք է լինեն․ ԱՄՆ պաշտպանության փոխնախարար

ԱՄՆ դիրքորոշումն այն է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը սակարկման առարկա չպետք է լինեն: Այս մասին ասել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլը Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հեռախոսազրուցում, հաղորդում է Հայաստանի պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունը։

Պապիկյանը Քահլին է ներկայացրել ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը՝ դրա հանգուցալուծման հարցում ընդգծելով միջազգային հանրության հասցեական գնահատականների անհրաժեշտությունը:

Քահլը, իր հերթին, կարևորել է հրադադարի պահպանումը, շեշտել բանակցային սեղանին վերադառնալու և առկա բոլոր տարաձայնությունները բացառապես դիվանագիտական գործիքակազմով լուծելու անհրաժեշտությունը:

Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00.05-ին, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հրետանուց, անօդաչու թռչող սարքերից և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի ուղղությամբ սկսել են ինտենսիվ հրետակոծել հայկական դիրքերը, և առաջխաղացման փորձեր արել։

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել։

Հայկական կողմն ըստ նախնական տվյալների, ունի 105 զոհ, կան վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Հայտնի է հայկական կողմից առնվազն մեկ գերեվարված անձի մասին։