Բավ է պառակտվել
17-08-2020 16:28

Տիխանովսկայան պատրաստ է դառնալ ազգային առաջնորդ

Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, որը նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկության արդյունքներով երկրորդ տեղն է զբաղեցրել, պատրաստ է երկրի ազգային առաջնորդը դառնալ․ այս մասին նա հայտարարել է ժողովրդին ուղղված տեսաուղերձում, որը հրապարակվել է յութուբյան էջում։

«Պատրաստ եմ ինձ վրա պատասխանատվություն վերցնել և այդ ժամանակահատվածում որպես ազգային առաջնորդ հանդես գալ, որպեսզի երկիրը հանգստանա և իր սովորական ռիթմին վերադառնա»,- պարզաբանել է նա։ 
Տիխանովսկայան խոսել է նաև բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու և նոր ընտրությունների կազմակերպման համար օրենսդրական հիմքի և պայմանների ստեղծման անհրաժեշտության մասին․ ընտրությունների, որոնց արդյունքները «միջազգային հանրության կողմից ընդունելի կլինեն»։
Տիխանովսկայան նաև ասել է, որ պատրաստ է ընդունել ուժային կառույցի աշխատակիցներին, որոնք կանցնեն ժողովրդի կողմը: Երկիրը պատրաստվում է ավելի լայնածավալ գործադուլի:
Բելառուսի ընդդիմադիր գործիչները, սակայն, դեմ են Միսնկի նկատմամբ ԵՄ պատժամիջոցներին: Նշենք,որ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ Տիխանովսկայան ձայների ընդամենը 10,12 տոկոսն է հավաքել։ 

Պաշտոնական տվյալներով՝ առաջին օրերին ավելի քան 6,7 հազար մարդ է ձերբակալվել։ Ինչպես հաղորդել է հանրապետության ՆԳՆ-ն, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակիցներ, մեկ ցուցարար զոհվել է:

 

 

Արմինե Գևորգյան