Բավ է պառակտվել
12-01-2022 21:37

Տոկաևը հայտարարել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության ավարտի մասին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը չորեքշաբթի Նուր-Սուլթանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է կազմակերպության խաղաղապահ օպերացիայի ավարտի մասին և շնորհակալություն հայտնել դրա իրականացման համար։

Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի դուրսբերումը կսկսվի հունվարի 13-ին և կավարտվի տասը օրվա ընթացքում, չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«Հունվարի 12-ին Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նուր-Սուլթանում ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Ղազախստանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց դաշնակիցներին խաղաղապահ գործողության և ահաբեկչական հարձակման պայմաններում աջակցության համար։ Ղազախստանի նախագահը հայտարարեց ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ավարտի մասին»,- նշել է նա։
«Ստանիսլավ Զասը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին տեղեկացրել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության ընթացքի և երկրից ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի դուրսբերման մեկնարկի մասին։ Զորքերի դուրսբերումը կսկսվի հունվարի 13-ին և կավարտվի 10 օրվա ընթացքում»,- հավելել է կազմակերպության մամլո քարտուղարը։
Ղազախստանից խաղաղապահ ուժերի դուրսբերման կարգը հունվարի 13-ին կհաստատի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհուրդը։ «ՀԱՊԿ քարտուղարությունը կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծ է պատրաստել և ուղարկել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հաստատմանը։ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի դուրսբերման կարգը կհաստատի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհուրդը, որի արտահերթ նիստը տեղի կունենա հունվարի 13-ին տեսակոնֆերանսի ձևաչափով»,- ասել է Զայնետդինովը։
Նա հավելել է, որ հայկական կողմը նախապես տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը Տոկաևի՝ հունվարի 13-ից հանրապետությունում կազմակերպության խաղաղապահ առաքելությունն ավարտելու խնդրանքով դիմումի մասին։