Բավ է պառակտվել
11-01-2022 10:48

Տոկաևը հայտարարել է, որ ՀԱՊԿ զորամիավորման դուրսբերումը Ղազախստանից կսկսվի երկու օրից

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ զորամիավորման դուրսբերումը կսկսվի երկու օրից։

«Ընդհանուր առմամբ, հակաահաբեկչական գործողության սուր փուլն անցել է, բոլոր շրջաններում իրավիճակը կայուն է, այս կապակցությամբ հայտարարում եմ, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը հաջողությամբ ավարտվել է։ Երկու օրից կսկսվի ՀԱՊԿ-ի միացյալ խաղաղապահ զորամիավորման փուլային դուրսբերումը, գործընթացը կտևի ոչ ավելի, քան 10 օր»,- ասել է Տոկաևը՝ երեքշաբթի օրը ելույթ ունենալով Մաջիլիսում (խորհրդարանի ստորին պալատում):

Նա նշել է, որ Ղազախստանում պետական ​​հեղաշրջման փորձերը ձախողվել են։ «Պետական ​​հեղաշրջման փորձերը, երկրի ամբողջականության դեմ փորձերը ձախողվել են: Միասին, որպես միասնական ժողովուրդ, մենք պաշտպանել ենք Ալմա-Աթան և տարածաշրջանային մյուս կենտրոնները: Դրանք կվերականգնվեն հնարավորինս շուտ»,- ասել է պետության ղեկավարը:

Տոկաևը նշել է, որ ոչ բոլոր իրավապահ մարմիններն են հավատարիմ եղել իրենց պարտքին։ «Մի շարք քաղաքներում Ազգային անվտանգության կոմիտեի ստորաբաժանումների ղեկավարները, չնայած բավարար ռազմական զինանոցին, առանց մարտի լքել են ծառայողական շենքն՝ այնտեղ թողնելով զենք և գաղտնի փաստաթղթեր»,- ասել է նախագահը։

Ըստ Տոկաևի՝ մեթոդաբար խաթարվել է երկրի հասարակության համախմբվածությունը, Ազգային անվտանգության կոմիտեն սպառնալիքը չի նկատել։

«Մեր հասարակության համախմբվածությունը մեթոդաբար խարխլում էին, այդ թվում՝ բողոքի ակցիաներով, ըստ պրոֆեսիոնալ մշակված սցենարների։ Գաղտնաբար պատրաստվում էին արմատական ​​միջոցների կոնկրետ կատարողներ։ Ազգային անվտանգության կոմիտեն՝ որպես լիազոր մարմին, չկարողացավ և չցանկավցավ տալ այս քայքայիչ աշխատանքի հստակ գնահատականը, չնկատեց ազգային անվտանգության համար կրիտիկական վտանգն»,- ասել է նա։

Տոկաևը նշել է, որ Ղազախստանի վրա հարձակման պլանը եղել է համալիր, դրա վրա աշխատել են պրոֆեսիոնալներ։ «Ղազախստանի վրա հարձակման պլանը ներառում էր մի շարք տարբեր ասպեկտներ՝ ռազմական, քաղաքական, գաղափարական, ապատեղեկատվական և այլն: Իշխանությունը զավթելու նախապատրաստման վրա աշխատել են պրոֆեսիոնալներ»,- պարզաբանել է Ղազախստանի նախագահը։ Նրա խոսքով՝ զինյալները մտադիր էին զավթել իշխանությունը երկրում։