ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է պաշտոնը ստանձնելուց հետո այցելել Չինաստան։ Ըստ աղբյուրի, քաղաքական գործիչը ցանկանում է այս ճանապարհորդությունն իրականացնել իր նախագահության առաջին 100 օրվա ընթացքում։ Սակայն այցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Թրամփն ավելի վաղ Պեկին էր այցելել 2017 թվականին՝ նախագահի պաշտոնում իր առաջին ժամկետում։
Հունվարի 17-ին Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են առևտրի, ֆենտանիլ թմրանյութի, TikTok-ի և այլ ընթացիկ թեմաներ։ Զրույցից հետո Թրամփը սոցցանցերում գրել է. «Ես ակնկալում եմ, որ մենք միասին շատ խնդիրներ կլուծենք՝ անմիջապես սկսելով»։ Նա նաև Սի Ցզինպինին հրավիրել է իր երդմնակալությանը հունվարի 20-ին, սակայն փոխարենը Չինաստանը կներկայացնի փոխնախագահ Հան Չժենը:
Աղբյուրների համաձայն՝ Պեկինը շահագրգռված է բանակցություններով խուսափելու կամ գոնե դանդաղեցնելու մաքսատուրքերի բարձրացումները, որոնք Թրամփը մտադիր է պարտադրել։ Չինաստանում որոշումների կայացմանը մոտ կանգնած փորձագետները կարծում են, որ առաջնորդների հանդիպումը կարող է ելակետ լինել կուտակված խնդիրների լուծման համար։