Փաստաթղթում բաներ կան, որոնք դե ֆակտո իրագործված են, խորհրդարանական ճեպազրույցում արձանագրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով համացանցում տարածված փաստաթղթի մասին։ Հիշեցնենք, որ այն վերաբերվում է Արցախին ու Սյունիքին։
«Երեք օր է՝ նյութը տարածվում է: Իշխանության համար բա՞րդ է հերքելը, եթե նման բան չկա: Մինչ այս պահը չի հերքվել: Ավելին՝ անգամ պետք է քննություն իրականացվի՝ որտեղի՞ց է այդ տեքստն ընկել հայկական մեդիա դաշտ: Ես ազգային անվտանգության խնդիր էլ եմ տեսնում», - նշեց Մարուքյանը։
Նույն խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյան էլ նկատեց, որ հրապարակվել է միայն փաստաթղթի տեքստ, սակայն այնտեղ չկա որևէ ստորագրություն։
«Եթե այնտեղ դրվել է գործադիրի որևէ անդամի ստորագրություն, ապա արվել է հակապետական քայլ, որը նաև իրավունքի կոպիտ խախտում ունի։ Դա իրավաբանական ուժ չունեցող փաստաթուղթ է, որովհետև այնտեղ հարաբերություններ են կարգավորվում, որտեղ առկա են միջազգային պայմանագրերի դրույթներ։ Իսկ ՀՀ սահմանադրությամբ՝ նման փաստաթղթերը ուժ ստանալու համար պետք է ՍԴ ուղարկվեն, ապա մտնեն ԱԺ։ Մինչդեռ, փաստաթղթում առկա փաստերը վկայում են, որ մինչև դեկտեմբերի 18-ն արդեն կոնկրետ գործողություն է կատարվել։ Հակազգային ու հակապետական է նաև այն, որ փաստաթղթում առկա դրույթներն ուղղակի ոչնչացնում են այն պետական քաղաքականությունը՝ Արցախի ինքնորոշման հարցի հետ կիապված, որը վարվել է այս տասնամյակների ընթացքում»,- ասաց պատգամավորը։
Պատգամավորը նշեց, որ իշխանություններից պահանջում են հոդաբաշխ բացատրություն տալ։ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հավելեց, որ փաստաթղթում բաներ կան, որոնք դե ֆակտո իրագործված են:
«Հետևաբար մենք հիմնավոր կասկած ունենք, որ դա բանավոր պայմանավորվածությամբ իրականացվածի տեքստն է, կամ իրականում ստորագրված տեքստն է: Բարդ է իշխանության համար հերքել, եթե նման բան չկա»,- նշեց Մարուքյանը:
ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ նկատեց. «Լավ կլիներ, որ իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկն արձագանքեր, թե դա ինչ փաստաթուղթ է: Որևէ մեկը հարկ չի համարում պատկան մարմիններից արձագանքելու այս հանգամանքին: Թերևս, հերթական անգամ մենք պոստ ֆակտում տեղեկանում ենք այլևս ձեռք բերված պայմանավորվածության կամ ստորագրված փաստաթղթի մասին»,- նշեց պատգամավորը:
Արմինե Գևորգյան