Բավ է պառակտվել
03-12-2021 23:05

«Դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն չունի»․ Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ «Լավրովի պլանի» մասին Հայաստանի ԱԺ նախագահի հայտարարության մասին

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ոմն «Լավրովի պլանի» մասին Հայաստանի ԱԺ նախագահի հայտարարությանը՝ նշելով, որ դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ։

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ոմն «Լավրովի պլանին», «Ղարաբաղի հանձնումը» կապել էր Ռուսաստանի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Նշված զրույցի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի հարգարժան նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «հայ հասարակության կարծիքին», թե «Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը», ասել է. «Եթե որևէ մեկը (Հայաստանում) պատրաստվեր ինչ-որ բան հանձնել, ապա դրա համար կային մի քանի տարբերակներ, այդ թվում՝ Լավրովի պլանը»։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ոչ ոք ոչինչ չի հանձնել»,-հայտնել են լրագրողներին ՌԴ ԱԳՆ-ում:
«Դժվար է մեկնաբանել մի բան, որը գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ։ Նման մտացածին իրողություններին է պատկանում նաև «Լավրովի պլանը»,-նշել են նախարարությունում։
ՌԴ ԱԳՆ-ում նաև հավելել են, որ «հանձնելու» մասին խոսք լինել չի կարող, քանի որ խոսքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային լուծման մասին է։
ԱԳՆ-ն հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2019 թվականի հունիսին կողմերին են փոխանցել կարգավորման ծրագրի վերջին խմբագրումը։ Ինչպես հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում, «նախատեսվում էր առաջին փուլում Ադրբեջանին վերադարձնել հինգ շրջան, երկրորդ փուլում՝ երկու, Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) կարգավիճակի պարտադիր որոշմամբ»։
«Ծրագրի այլ տարրերի թվում էր՝ ԼՂ բնակչության՝ լիարժեք կենսագործունեության ապահովման իրավունքների ճանաչումը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ հանդիպումներին, շրջափակման վերացում, սահմանների բացում, ուժի չկիրառման վերաբերյալ կողմերի պարտավորությունների ընդունում, Լաչինի միջանցքի լայնության և կարգավիճակի հարցի լուծում՝ հաշվի առնելով Ադրբեջանին Քարվաճառի և Լաչինի շրջանների վերադարձը»,-հիշեցրել են նախարարությունում։
«Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, առաջարկները, որոնք բանակցությունների սեղանին էին մինչև 2020 թվականի աշուն, բառացիորեն ենթադրում էին հետևյալը. կողմերի համաձայնեցրած ժամկետում ԼՂ իրավական կարգավիճակի վերջնական որոշում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո համազգային քվեարկության ճանապարհով, ապահովելով ԼՂ բնակչության ազատ կամարտահայտությունը, որը կունենար պարտադիր բնույթ՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան»,-հավելել են ԱԳՆ-ում։
«Ընդ որում, քվեարկության դրված հարցի կամ հարցերի ձևակերպումը ոչնչով չի սահմանափակվելու, իսկ ցանկացած արդյունք հարգվելու է կողմերի կողմից։ Այդ առաջարկները, թեև հնարավոր չեղավ հասնել ամբողջական համաձայնության, չմերժվեցին ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում։ Փաստերը խոսուն են. բաց են թողնված խաղաղ կարգավորման բազմաթիվ հնարավորություններ, ընդ որում` ոչ Ռուսաստանի մեղքով»,-նշել են նախարարությունում։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունն առաջարկել է ևս մեկ անգամ համեմատել համանախագահների նշված առաջարկները ներկա իրավիճակի հետ և հետևություններ անել։
«ՌԴ ԱԳՆ-ն միշտ հարգանքով է մոտենում այլ երկրների հասարակական կարծիքին, նույնիսկ եթե համաձայն չէ դրա հետ։ Դա կրկնակի ճշմարիտ է, երբ խոսքը մեր դաշնակիցների և բարեկամների մասին է, որոնց պատկանում է Հայաստանը»,- նշել են նախարարությունից։
Նրանք հավելել են, որ ցանկացած հասարակությունում կարծիքներն ու գնահատականները տարբեր են, իսկ մեդիատարածության մեջ ակնհայտ կանխակալ դատողություններ են տարածվում, որոնք հաճախ քաղաքական մանիպուլյացիաների արդյունք են:
«Խորապես ցավալի է, որ որոշ հայ քաղաքական գործիչներ ոչ միայն չեն հերքում Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի «հանձնման» մասին անհեթեթ «մտքերն», այլ, ըստ էության, համաձայն են նման անհիմն դատողությունների հետ»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։
«Ռուսաստանի Դաշնության բոլոր ջանքերն, այդ թվում՝ աջակցությունը 44-օրյա պատերազմի դադարեցմանը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների ստորագրումն ու իրականացումը, հաստատման կարիք չունեն»,- նշել են նախարարությունում։
«Ռուսաստանը չափազանց շահագրգռված է օգնելու հայերին և ադրբեջանցիներին` շրջել իրենց հարաբերությունների ցավոտ էջերը, նպաստել խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը Հարավային Կովկասում»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ-ն։