Բավ է պառակտվել
03-03-2020 14:46

Ծառուկյանը կորոնավիրուսի մասին․ բարի մարդկանց այն չի կպչում

“Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեքշաբթի լրագրողների հետ զրույցում բացասական է գնահատել իշխանությունների ձեռնարկած միջոցառումները կորոնավիրուսի դեմ պայքարում։

Մարտի 1-ին Հայաստանում հաստատվել է COVID-19 կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը. փետրվարի 28-ին Թեհրանից Երևան ժամանած 29-ամյա ՀՀ քաղաքացու երկրորդ թեստի պատասխանը եղել է դրական: Նրա հետ շփում ունեցած շուրջ 30 մարդ մեկուսացվել է Ծաղկաձորի ”Գոլդեն Փելես” հյուրանոցում:

“Մենք բոլորս գիտենք, որ վիրուսը տարածվել է ամբողջ աշխարհում մեկ ամիս առաջ: Արդեն մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն լիներ հիվանդանոցներին և դեղատներին, որ անպայման ապահովեն բոլորին բուժման համար անհրաժեշտ դեղորայքով և լուծեն դիմակների հարցը”,- ասել է նա։

Լրագրողի հարցին, թե ինքն անձամբ փորձել է դեղատնից դիմակ առնել, ու չի՞ ճարել, ԲՀԿ առաջնորդը պատասխանել է, որ դրա կարիքը չունի։

“Բարի մարդկանց այդ հիվանդությունները չեն կպչում”,- կատակել է նա:

Միաժամանակ նա նշել է, որ Իրանից վերադարձած բոլոր ՀՀ քաղաքացիները պետք է երկու շաբաթով մեկուսացվեին՝ վիրուսի տարածումը կանխելու համար։

Միևնույն ժամանակ, Ծառուկյանը բացասաբար է գնահատել Ծաղկաձորում քաղաքացիներին մեկուսացնելու որոշումը, քանի որ դա բացասաբար է անդրադարձել առողջարանային քաղաքի տնտեսության վրա, և զբոսաշրջիկների մեծամասնությունը մտափոխվել է գնալ այնտեղ:

Մարտի 3-ի դրությամբ աշխարհում CODIV-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 90.9 հազարը, մահացել է 3124 մարդ: Միևնույն ժամանակ, հիվանդների գրեթե 47.9% -ը առողջացել է:

Հիվանդների ընդհանուր թվից 80.151-ը գտնվում են մայրցամաքային Չինաստանում, այնտեղ մահացել է 2.944 մարդ: Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսը գրանցվել է 75 երկրում: