Բավ է պառակտվել
27-04-2021 08:52

Հայաստանի ամբողջականությունը «կարմիր գիծ» է Թեհրանի համար․ փորձագետը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Պատահական չէ, որ իրանական լրատվամիջոցները սուր քննադատում են Սյունիքով անցնող միջանցքի մասին Իլհամ Ալիևի հայտարարությունները․ այս հեռանկարը ուղղակիորեն հարվածում է Թեհրանի շահերին։

Թեհրանն անթույլատրելի է համարում Հայաստանի Սյունիքի մարզով միջանցքի ստեղծումն, ասել է իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով իրանական լրատվամիջոցների արձագանքը Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։
Ավելի վաղ, «Fars» և «Mehr» լրատվական գործակալությունները հոդվածներ էին հրապարակել՝ դատապարտելով Ադրբեջանի հայտարարությունները «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու անհրաժեշտության մասին:

Իրանագետի կարծիքով, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» հակասում է իրանական շահերին, հետևաբար իրանական կողմից ակնկալել այլ արձագանքներ, բացի Իլհամ Ալիևին քննադատելուց տեղին չի լինի։

«Նման արձագանքներ հաճախ լինում են թե՛ իրանական փորձագիտական շրջանակների, թե՛ պաշտոնատար անձանց կողմից, ովքեր թեև ավելի դիվանագիտական ձևակերպմամբ, բայցևայնպես նույն միտքը հասցնում են մի քանի լսարանների։ Առաջին լսարանը թուրք–ադրբեջանական դաշինքն է»,- ասել է Ոսկանյանը։ Երկրորդ լսարանը` ներհայաստանյան դաշտը։ Իրանական կողմը փորձում է ցույց տալ, որ եթե նույնիսկ Հայաստանի ներսում լինեն որոշ խմբեր, որոնք կարող են գաղտնի կամ բացահայտ կերպով նման միջանցքի գաղափարին կողմ լինել, ապա իրանական կողմը հստակորեն դրան դեմ է»։

Դրա համար Իրանն ունի մի քանի պատճառ։ Առաջինը և ամենակարևորը՝ ենթադրվում է, որ միջանցքն (առնվազն ադրբեջանական կողմի հավաստմամբ) պետք է անցնի Մեղրիի հատվածով։

«Սա, բնականաբար, չի բխում Իրանի շահերից` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման «միջանցքի» գոյությունը կարող է խաթարել Հայաստան–Իրան ուղղակի հաղորդակցությունն։ Ըստ Էության, ՀՀ սուվերեն տարածքի մի մասը կարող է դուրս լինել հայկական վերահսկողությունից»,- ասել է իրանագետը։

Երկիրն իր հյուսիսում ստացել է մերձարաքսյան գոտու մի տարածք, որտեղ կա հսկայական թուրքական և իսրայելական ազդեցություն, կարող է ընդհանրապես լինել ՆԱՏՕ–ական ազդեցություն։ ԲԱցի այդ, այստեղ են նաև սիրիական ահաբեկչական խմբավորութմների ներկայացուցիչները»,- ասել է Ոսկանյանը։

«Fars» և «Mehr» լրատվական գործակալություններն անուղղակի կերպով ասոցացվում են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տեսակետների հետ, հետևաբար նշված լրատվամիջոցներում տեղ գտած փորձագիտական վերլուծությունն ըստ էության արտահայտում է Իրանի պետության և Իրանի ռազմական ուժի ամենանշանակալի հատվածի տեսակետները։

Ըստ փորձագետի` հետաքրքիր է, որ հատուկ շեշտվել է Իսրայելի ազդեցության հնարավոր մեծացման փաստը։ Մյուս կողմից, ակնարկվել է, որ վերոհիշյալ միջանցքին առնչվող ծրագրի տապալման գործում կարող է էական դեր խաղալ Ռուսաստան–Իրան–Չինաստան համագործակցությունը։

Հայաստանը պետք է հաշվի առնի, որ այդ երկրները դեմ են այդ պանթուրքիստական ծրագրի իրականացմանը։

Ինչպես հայտնել է «Արմենպրես» գործակալությունը, միջազգային իրավունքի հարցերով փորձագետ Ահմադ Քազեմին «Fars» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում շեշտել է, որ Թուրքիան և Բաքուն փորձում են «Զանգեզուրի միջանցքով» միավորել պանթուրքիստական աշխարհը, վերացնել Իրանի աշխարհաքաղաքական հնարավորությունները տարածաշրջանում, Իրանը մեկուսացնել տարածաշրջանային էներգետիկայից, սահմանափակել Չինաստանը և Ռուսաստանը և հարված հասցնել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը:

Mehr լրատվական գործակալության կայքում հրապարակված հոդվածում շեշտվում է, որ Հայաստանի դեմ տարածքային պահանջները հակասում են Իրանի շահերին, և որ Իսլամական Հանրապետությունը պետք է պաշտոնապես դատապարտի նման նախագիծը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը Պետական հեռուստատեսությանը և ռադիոյին տված հարցազրույցում ասել էր, որ Բաքուն «կիրականացնի Զանգեզուրի միջանցքի ծրագիրն, ուզենա դա Հայաստանը, թե ոչ: Միաժամանակ, Ադրբեջանի ղեկավարը սպառնացել է ուժով լուծել հարցը, եթե Հայաստանը չհամաձայնի բացել այս «միջանցքը»: Ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալիևի խոսքերը սադրիչ ու հակասական է որակել: Կապանում կայացած հանդիպմանը վարչապետն ասել է նաև, որ եթե Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, ապա Հայաստանի ղեկավարությունը կարող է խոսել Նախիջևանի կամ Հյուսիսային Ադրբեջանի միջանցքի մասին: