Բավ է պառակտվել
17-03-2020 02:38

Հայաստանի ԿԸՀ-ը դադարեցրել է հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հայտարարել է սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները դադարեցման մասին։
Հայտարարությունում նշվել է, որ այդ որոշումը կայացվել է հիմք ընդունելով արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը և ղեկավարվելով Հայաստանի Սահմանադրության 208-րդ ու «Հանրաքվեի մասին» 6ճրդ հոդվածներով
Ավելի վաղ Հայաստանի նախագահը 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակել էր հանրաքվե, որն առաջարկում է ՀՀ քաղաքացիներին որոշել Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխություններ մտցնելու հարցը, որոնք նախատեսում են Սահմանադրական դատարանի ներկայիս կազմի լուծարում:
Երկուշաբթի օրը Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց մարտի 16-ից ապրիլի 14-ը երկրում արտակարգ դրություն հայտարարել COVID-19-ի տարածման պատճառով:
Ընդհանուր առմամբ, մարտի 17-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 52 դեպք:
Հայաստանում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ին, հիվանդն արդեն ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից: Վարակվածների թվում են Իրանից և Իտալիայից ժամանած Հայաստանի քաղաքացիներ (Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ), նրանց հետ շփման մեջ գտնված անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած մեկ անձ: Վարակվածների ճնշող մեծամասնությունը, ներառյալ մեկ դպրոցական, Էջմիածնի բնակիչներ են: