Բավ է պառակտվել
28-06-2016 08:31

Թուրքիան պատրաստ է փոխհատուցում վճարել ՌԴ-ին խոցված ինքնաթիռի համար

Անկարան պատրաստ է փոխհատուցում վճարել Մոսկվային Սու-24 ռմբակոծիչի խոցման համար։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել ռուս առաջնորդին և ներողություն խնդրել խոցված ինքնաթիռի համար, ցավակցության խոսքեր հայտնել օդաչուի մահվան կապակցությամբ և հայտարարել, որ Թուրքիան չէր ցանկանում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, Մոսկվան Անկարայի համար ռազմավարական գործընկեր է:

Երկկողմ հարաբերությունների կարգավորման քայլերից մեկն էլ ռուսական իշխանությունները նշել են ոչ մի այն կատարվածի համար ներողություն խնդրելը, այլև հասցված վնասը փոխհատուցելը:

«Նամակի բովանդակությունը պարզ է: Մենք հայտնել ենք մեր ափսոսանքը և անհրաժեշտության դեպքում փոխհատուցում կվճարենք խոցված ինքնաթիռի համար: Երկու երկրներն էլ ցանկանում են կարգավորել հարաբերությունները: Կարծում եմ՝ գործերը կարգավորվում են»,- հայտարարել է Յըլդըրըմը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել են թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։