Բավ է պառակտվել
18-11-2016 15:45

Թուրքիան С-400-ների գնման շուրջ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ

Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ մեծ և միջին հեռահարության Ս-400 (С-400) զենիթահրթիռային համակարգերի գնման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Մոսկվան ու Անկարան կքննարկեն հակահրթիռային պաշտպանության համակարգերի վերաբերյալ թուրքական ազգային նախագծի ստեղծման ուղղությամբ հնարավոր համագործակցության մանրամասները: Այդ հարցը երկու երկրների առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Ստամբուլում հոկտեմբերի 10-ին:

«Հակահրթիռային պաշտպանության համակարգի առնչությամբ աշխատանքը շարունակվում է: Մենք բանակցություններ ենք վարում Ս-400-ի ձեռքբերման ուղղությամբ ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ երկրների հետ, որոնք ունեն նմանատիպ համակարգեր: Այժմ այդ հարցի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը դրական է: Հուսով ենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները լուրջ կվերաբերեն դրան, և մեր համակարգը համատեղելի կլինի դաշինքի պահանջների հետ: Բայց մենք ոչ մի դեպքում չենք մերժում Ռուսաստանի առաջարկը և ակտիվ աշխատում ենք այդ ուղղությամբ: Մեր վերջնական նպատակն այդ համակարգերը մեզ մոտ արտադրելն է»,- ասել է Ըշըքը:

Թուրքիան առաջին անգամ հետաքրքրվել է Ս-400 հրթիռային համալիրներով դեռ 2009 թվականին: Սակայն այդ ժամանակ համագործակցությունը դադարեցվել է:

2015 թվականի վերջին Անկարայում հայտարարել են, որ մտադիր են գնել ֆրանս-իտալական SAMP-T զենիթահրթիռային համալիրները, որոնք իրենց նշանակությամբ նման են Ս-400-ներին: Գործարքը, սակայն, այդպես էլ տեղի չի ունեցել: