Բավ է պառակտվել
02-02-2022 19:19

Թուրքական սակարկություններն ամերիկացիների հետ և «Շուշիի հռչակագիրը». ի՞նչ է ուզում Անկարան ստանալ ԱՄՆ-ից Ղարաբաղի և Հայաստանի հարցում

Հայաստանում և դրա շուրջ կատարվող իրադարձությունների անհամաչափությունն օրեցօր ավելի ակնհայտ է դառնում։ Մինչ հասարակությունը զբաղված է նոր նախագահի թեկնածության քննարկումներով (ընդ որում՝ բացարձակապես դատարկ), որը պաշտոնապես դարձավ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը, Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական պատկերը շարունակում է սրընթաց փոխվել՝ մեծացնելով էսկալացիայի ռիսկերը Հայաստանի սահմանին։

Առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի

Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Կալինը դեկտեմբերի վերջին եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և, բացի Անկարայի և Վաշինգտոնի միջև երկկողմ հարաբերություններին և միջազգային օրակարգին վերաբերող մի շարք հարցերի շուրջ «ժամացույցների համաժամացման» կողմերը քննարկել են ինչպես հայ-թուրքական երկխոսության հեռանկարներն, այնպես էլ Ղարաբաղի ապագայի հարցը։

Կարևոր է, որ թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները, մեկնաբանելով Կալինի այցը ԱՄՆ, գրեթե ուղղակի տեքստով գրեցին, որ նրա այցի նպատակներից մեկն ամերիկյան քաղաքական իսթեբլիշմենթի ներկայացուցիչներին համոզելն էր, որ Միացյալ Նահանգները որպես համանախագահող երկիր վերանայեն ղարաբաղյան հիմնախնդրի լուծման իրենց մոտեցումները։

Տրամաբանական կլիներ ենթադրել, որ թուրքական կողմի այս առաջարկը կարող է հիմնված լինել պաշտոնական Անկարայի և Երևանի միջև ինչ-որ «կուլիսային կոնսենսուսի» վրա առ այն, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը կհրաժարվի Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ նախկին իշխանությունների դիրքորոշումից և մոտեցումից, ինչին ի պատասխան Թուրքիան կհամաձայնի բացել սահմանները Հայաստանի հետ և կօգնի հասնել նրան, որ Հայաստանը դուրս կբերվի «Ռուսաստանի ազդեցության գոտուց»։ Եվ եթե վերլուծենք ՀՀ կառավարության ղեկավարի վերջին երկու ասուլիսների ժամանակ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հնչեցրած հիմնական թեզերն, ապա կարելի է ասել, որ կողմերի միջև արդեն և հանրային տարածքում կա կոնսենսուս Արցախի հետագա ճակատագրի վերաբերյալ։

Ի վերջո, արդեն հնչել է այն թեզը, որ «Արցախը չի կարող լինել միայն հայկական», որ «Ղարաբաղը դեռևս 2016 թվականին կորցրել էր Ադրբեջանից դուրս գտնվելու գործնական և տեսական շանսերը»։

Սակայն Թուրքիայի ղեկավարությունը չսահմանափակվեց Կալինի ԱՄՆ կատարած այցով (մանավանդ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը կրկնեց, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում), և արդեն փետրվարի սկզբին Բայդենի և Էրդողանի օգնականները քննարկեցին Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությանն ուղղված ջանքերը, ինչպես նաև այլ «տարածաշրջանային հարցեր»:

Ակնհայտ է, որ Թուրքիան շարունակելու է փորձել իր տեսակետը հասցնել ամերիկացի գործընկերներին, և որպես փաստարկ այս գործընթացում կարող է լինել այն, որ Թուրքիան արդեն դե ֆակտո Ադրբեջանին դարձրել է ՆԱՏՕ-ի ոչ պաշտոնական անդամ։ Սա նշանակում է, որ նախկին ԽՍՀՄ-ի մեկ այլ երկիր փաստացի դարձել է Ռուսաստանի դեմ թշնամական ռազմաքաղաքական դաշինքի մաս, որը համապատասխանում է ոչ միայն թուրքական ծրագրերին, այլև ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերին։