Բավ է պառակտվել
07-10-2021 10:54

Թուրքիան պատասխանում է Իրանին Հայաստանի սահմաններին զորավարժություններով

Այսօր Նախիջևանի ինքնավար մարզում, Հայաստանի հետ սահմանին, մեկնարկել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ Հատկանշական է, որ միևնույն ժամանակ Իրանի զինուժը լայնածավալ մանևրներ է անցկացնում Ադրբեջանի հետ սահմանին։ Արդյո՞՛ք սա զուգադիպություն է, և ի՞նչ կապ ունեն այս բոլոր զորավարժությունները Հայաստանի հետ։

Հետաքրքիր է, որ Նախիջևանում զորավարժությունների անցկացման մասին պաշտոնական հայտարարություն է արել միայն Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը շարունակում է լռություն պահպանել: Հրապարակված մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ զորավարժությունները կտևեն չորս օր, կավարտվեն հոկտեմբերի 8-ին և անցկացվում են «Անխախտ եղբայրություն 2021» զորավարժությունների երկրորդ փուլի շրջանակներում:

Հարկ է նշել, որ, ըստ մայիսյան հաղորդագրությունների, «Անխախտ եղբայրություն 2021» զորավարժությունները նշանակված էին սեպտեմբերի 20-23-ը: Եվ այն ժամանակ խոսակցություն չկար, որ դրանք կարող են իրականացվել երկու փուլով: Ամենայն հավանականությամբ, դա որոշվել է այն բանից հետո, երբ Թեհրանի և Բաքվի միջև սև կատու անցավ և պահանջվեց պատասխան ուժի ցուցադրում Իրանին:

Հիշեցնեմ, որ ի պատասխան Իրանը Հայաստանին կապող մայրուղու վերահսկողության տակ վերցնելու Ադրբեջանի փորձերին, հոկտեմբերի 1-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը լայնածավալ զորավարժություններ սկսեց Ադրբեջանի հետ սահմանի մոտ: Քչերն են կասկածում, որ դա արվում է ստիպելու Բաքվին հրաժարվել Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ ունեցած պահանջներից:

Բաքվի և Թեհրանի առճակատման սրումը սկսվեց նկատվել հենց այն օրերին, երբ Նախիջևանում անցկացվեցին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները: Դրանց ավարտից հետո, ըստ ամենայնի, օպերատիվ որոշում կայացվեց չշտապել Ադրբեջանից զորավարժություններին մասնակցելու համար ժամանած թուրքական բանակի ստորաբաժանումների դուրսբերման հարցում։

Զորավարժությունների օպերատիվ «հորինված» երկրորդ փուլը դարձավ հարմար պատրվակ թուրքական զորքերի ներկայությունը Նախիջևանում` Հայաստանի և Իրանի սահմանին արդարացնելու համար: Հայտնի է, որ հոկտեմբերի 1-ին Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Մուհսին Դերենը կարճատեւ աշխատանքային այցով մեկնել էր Նախիջևան։ Այս ուղևորությունը պլանավորված չէր, և այժմ արդեն պարզ է, թե կոնկրետ ինչով էր դա պայմանավորված:

Մուհսին Դերենի Անկարա վերադառնալուց անմիջապես հետո հայտարարվեց, որ «Անխախտ եղբայրություն 2021» զորավարժությունները կունենան նաև երկրորդ փուլ: Կասկած չկա, որ այս միջոցառման «երկարաձգումը» ուղղակի պատասխան է «Խայբարի նվաճողներ» անվանմամբ զորավարժություններին, որոնք այս օրերին Իրանն անցկացնում է Ադրբեջանի հետ սահմանին:

Բաքվում եւ Անկարայում, իհարկե, այս մասին բարձրաձայն չեն խոսում: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Պինար Կարան ասել է, որ «վարժանքների նպատակը Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի միջև բարեկամության, համագործակցության և փոխգործակցության զարգացումն է»:

«Մենք կշարունակենք անել հնարավորն՝ աջակցելու մեր ադրբեջանցի եղբայրներին: Մենք միասին ենք վշտի և ուրախության մեջ, քանի որ մենք հավատարիմ ենք «երկու պետություն, մեկ ազգ» կոնցեպցիային», - ասել է թուրքական ռազմական գերատեսչությունը իր մամլո քարտուղարի միջոցով:

Թուրքիան ի սկզբանե շատ ցավոտ արձագանքեց հյուսիսարևմտյան սահմանի մոտակայքում իրանական զորավարժություններին: Անկարայում զորավարժությունները ընկալվում էին հենց դեմարշ՝ իրենց դեմ: Եվ, ըստ երևույթին, նրանք չեն սխալվել:

Թեհրանը վերջին օրերին ավելի ու ավելի հստակ ազդակներ է ուղարկում Էրդողանին, որ հովանավորելով Ադրբեջանի էքսպանսիոնիստական նկրտումները՝ Թուրքիան թշնամություն է ցուցաբերում ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի նկատմամբ: Իսլամական հանրապետության ղեկավարությունը չի կարող անտարբերությամբ հետևել, թե ինչպես է Թուրքիան Ադրբեջանը վերածում իր ռազմակայանի, և դա անում է ցուցադրաբար՝ ներգրավելով Պակիստանին, Իսրայելին և Սիրիայից վարձկաններին:

Թուրք-ադրբեջանական զորավարժություններ Լաչինի շրջանում, թուրք-ադրբեջանա-պակիստանյան զորավարժություններ Կասպից ծովում, տեղեկատվություն Իսրայելի կողմից Ադրբեջանին Arrow-3 հրթիռային համակարգերի առաջիկա առաքման մասին, տեղեկատվություն, Թուրքիայի կողմից ԴԱԻՇ-ից (մի շարք երկրներում արգելված ահաբեկչական խմբավորում) ահաբեկիչներին Ղարաբաղ տեղափոխելու հաստատված փաստեր ... Այս ամենը Թեհրանը դիտարկեց որպես մարտահրավեր:

Թեհրանի պատասխանը Անկարային վաղ թե ուշ պետք է հնչեր: Բայց ուղղակի հարվածներ հասցնելը իրանական դիվանագիտության ավանդույթում չէ: Իրանցիները սովոր են անուղղակի ազդակներ ուղարկել: Եվ հիմա էլ նրանքհրապարակային սպառնալիքներ ու մեղադրանքներ են հասցեագրում ոչ թե Ադրբեջանին կամ Թուրքիային, այլ Իսրայելին, որն, ընդհանուր առմամբ, ոչ մի նոր բան իրեն թույլ չի տվել: Բայց բոլորը հասկանում են, որ սա իրականում ազդանշան է Էրդողանին:

Էրդողանն ինքն էլ հստակ գիտակցում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մկաններն է խաղացնում հենց իր համար: Եվ զորավարժությունները Նախիջևանում հաստատում են դա։