Բավ է պառակտվել
27-08-2019 14:12

Թուրքիան լուրջ սպառնալիք է Հայաստանի համար․ԱԳՆ ղեկավար

Թուրքիան իրենից լուրջ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի համար, ասել է երեքշաբթի Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ԱԳՆ կենտրոնական ապարատի, դիվանագետների և հյուպատոսությունների աշխատակիցների ամենամյա համաժողովին։

“Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման մերժումը, տնտեսական շրջափակումը, Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումը, իսկ վերջին շրջանում արդեն ցեղասպան գործողությունների արդարացումը, Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության շրջանակում անվերապահ և բացահայտ աջակցությունը ստեղծում են Հայաստանի համար անվտանգության լուրջ սպառնալիք”,- ասել է Մնացականյանը։

Նրա խոսքով, դա ստեղծում է շարունակաբար դիմակայելու անհրաժեշտությունն, ինչն էլ պայմանավորում է տարածաշրջանային անվտանգության պահպանմանն ուղղված Հայաստանի քաղաքականությունը, այդ թվում՝ արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասով:

Հայաստանի ու Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993թ-ից ի վեր պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։ 2008թ․Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնել է հարաբերությունների կարգավորման գործընթացը։ 2009թ․ հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Ցյուրիխում ստորագրել են “Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին” և “Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին” արձանագրությունները, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն 2010թ ապրիլի 22-ին Սարգսյանը ստորագրել է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին հրամանագիրը, հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը։

2017թ․սեպտեմբերին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չի դարձրել Հայաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները կանոնակարգեկու համար, այն դեպքում, երբ Թուրքիան անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում Ցյուրիխյան արձանագրությունները վավերացնելու համար։ Իր ելույթում Սարգսյանը նշել է, որ Թուրքիայի կողմից դրական տեղաշարժի բացակայության դեպքում Հայաստանը արձանագրությունները կհամարի առ ոչինչ և 2018թ․գարուն կմտնի առանց այդ սին արձանագրությունների։ Արդեն 2018թ․մարտի 1-ին նա ստորագրել է Հայաստանի և Թուրքիայի միջև “Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին” և “Երկկողմ հարաբերությունները զարգացնելու մասին” արձանագրությունների վավերացումը կասեցնելու մասին հրամանագիրը։