Բավ է պառակտվել
02-10-2020 12:20

Թուրքիան կարմիր գիծն արդեն հատել է. Էմանուել Մակրոն

Ավելի քան 300 սիրիացի իսլամիստներ թուրքական Գազիանթեփով տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, Ֆրանսիան հաստատում է, որ դա ապացուցված փաստ է, Ռուսաստանն էլ ունի այդ տեղեկատվությունը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած ճեպազրույցում:

Մակրոնը նաև հավելել է, որ Ֆրանսիան սերտ կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ՝ Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ, և նրանց հետ աշխատում է խաղաղություն հաստատելու ուղղությամբ:

«Կարող եմ ասել, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստ գրոհայիններ, որոնք նախկինում դուրս էին բերվել Հալեպի շրջանից, թուրքական Գազիանթեփով տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի (մասնակցելու Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին, որին աջակցում է Թուրքիաննշում է ՏԱՍՍ-ը): Դա հաստատված է: Փաստորեն, այդ մարդկանց ինքնությունը պարզված է, նրանք բոլորն էլ կապ ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ: Ես դա քննարկել եմ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը հաստատել է, որ Ռուսաստանն ունի նաև այդ տվյալները », — ասել է Մակրոնը

«Թուրքիայի այդ պահվածքը վայել չէ ՆԱՏՕ-ի անդամ պետությանը, մենք այդպիսի գործողությունները լիովին անընդունելի ենք համարում: Այս դեպքում կարմիր գիծն արդեն հատվել է», — շեշտել է նա:

«Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, շատ մոտ ապագայում ձեռնարկելու են մի շարք նախաձեռնություններ ՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար: Մենք սերտ աշխատանքային շփման մեջ ենք», — ասել է նա:

 

 

Արմինե Գևորգյյան