Բավ է պառակտվել
16-10-2020 16:57

Թուրքիան պետք է դատվի գործողություններով, ոչ թե հայտարարություններով․ Հունաստանի ԱԳ նախարար

Մեզ շատ մտահոգում են հրադադարի խախտումները, մենք հավատում ենք, որ տևական լուծումներին կարելի է հասնել միայն դիվանագիտական միջոցներով՝ վերադառնալով բանակցային սեղանին: Այս մասին այսօր ասաց Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիան ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին:
«Պետք է վերջ դրվի երրորդ կողմի միջամտությանը Ղարաբաղյան հարցում։ Անկարայի միջամտությունն այս կոնֆլիկտում միջազգային ասպարեզում լուրջ մտահոգություն է առաջացրել։ Թուրքիան պետք է դատվի գործողություններով, ոչ թե հայտարարություններով»,–ասաց Դենդիասը։
Նրա խոսքով` շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը հստակ տարբերակում մտցնի, թե ովքեր են լարում մտցնում հակամարտության մեջ և ովքեր են կառուցողական մոտեցում ցուցաբերում:


Դենդիասը հիշեցրեց` Հունաստանն իր ձայնն արդեն իսկ բարձրացրել է արցախա–ադրբեջանական կոնֆլիկտի առնչությամբ և առաջինն էր, որ ԵՄ–ին դիմեց այդ կոնֆլիկտին արտաքին միջամտությունը բացառելու, ինչպես նաև կողմերին բանակցությունների տանելու կոչով։
Հարցին, թե դիտարկվում է Հայաստանի ներգրավվածության հարցը հակաթուրքական կոալիցիայում, Նիկոս Դենդիան պատասխանեց. «Այն, ինչ անում է Հունաստանը, հենց ստեղծելն է ընդհանուր ըմբռնման մի համայնք երկրների միջև, ինչպես, օրինակ՝ Հունաստանն ու Հայաստանն են, որոնք միևնույն արժեքներն ունեն՝ կայունություն, խաղաղություն տարածաշրջանում: Այս փոխըմբռնումը, որի մասնակից են Կիպրոսը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, մենք չենք համարում կոալիցիա ինչ-որ մեկի դեմ, մենք համարում ենք սա որպես խաղաղություն սիրող, պահող ազգերի մի հանրություն, որոնք տարածաշրջանում կայունության հենասյունն են»,- ասաց նա:
Հունաստանի ԱԳ նախարարն ասաց, որ ուրախ կլիներ Թուրքիային էլ տեսներ այդ երկրների ցանկում։
«Հույս ունենք, որ այն վաղ թե ուշ այդ համայնքի անդամ կդառնա: Բայց, ուրախ չենք տեսնելու, որ Թուրքիան հիմա այդ փաստարկների հակառակ կողմում է։ Այս պահին կագնած է տարածաշրջանում ստեղծված ագրեսիայի հետևում»,– ասաց Հունաստանի ԱԳ նախարարը։


Արմինե Գևորգյան