Բավ է պառակտվել
12-08-2020 15:04

Հայաստանը կորոնավիրուսի խնդիրը լուծելու շանս ունի.ՀՀ վարչապետ

Այսօր Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել: Նիստի մեկնարկին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զեկուցեց երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին:
Նախարարը նշեց, որ կատարված 1710 հետազոտությունից ունենք 201 նոր դեպք, ինչը տեղավորվում է նույն միտման շրջանակում: «Այսինքն՝ յուրաքանչյուր հաջորդ շաբաթ օրական արձանագրված դեպքերի թիվը մոտավորապես 50-100-ով ցածր կլինի, քան նախորդ շաբաթ նույն օրը արձանագրված դեպքերը:
«Ունենք ռեալ հնարավորություն՝ այս թվերը նվազեցնելու: Ունենք նաև բավական թեթև վիճակ հիվանդանոցային համակարգում՝ թե՛ սովորական, թե՛ ռեանիմացիոն մահճակալների մասով, ինչպես նաև ունենք ցածր թվեր ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների մասով, որը դեռ տատանվում է 300-ի շրջանակում, այս միտումն ավելի փոքր տեմպերով է իջնում, որովհետև ռեանիմացիոն հիվանդները շատ երկար են պառկում վերակենդանացման բաժանմունքներում»,–ասաց Թորոսյանը։
Ըստ նրա հաղթահարման փուլը շարունակվում է, և իրենց ջանքերը արդյունք են տալիս։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան էլ ևս մեկ անգամ նշեց, որ Հայաստանը կորոնավիրուսի խնդիրը լուծելու շանս ունի։
«Մենք աշնանը բոլորովին այլ վիճակում գտնվելու շանս ունենք` անկախ նրանից, թե աշխարհում ինչ կկատարվի»,– ասաց նա` փաստելով, որ աշխարհի շատ երկրներում այսօր համավարակի կրկնվելու միտում կա։
Կորոնավիրուսը հաղթահարելու համար, ըստ վարչապետի, պետք է սովորել ապրել վարակի հետ։
«Դա նշանակում է մի բան` դիմակի կրման բացառիկ կարգապահություն,– ասաց վարչապետը,– հակառակ դեպքում վերադառնալու ենք հուլիսի իրավիճակին»։
Վարչապետի դիտարկմամբ` վերջին շրջանում նկատվում է դիմակների կրման կանոնների խախտման դեպքերով տուգանքների ավելացում, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ քաղաքացիները վիճակի լավացում տեսնելով` թուլացնում են զգոնությունը։

 

 

Արմինե Գևորգյան