Բավ է պառակտվել
14-09-2022 15:02

Ադրբեջանի հարձակման պատճառով Հայաստանը զոհեր ունի նաև խաղաղ բնակչության շրջանում։ ԱԺ նախագահը դիմել է միջազգային գործընկերներին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին՝ տեղեկացնելով սեպտեմբերի 13-ից հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ադրբեջանական զինուժի ինտենսիվ հարձակումների մասին։

«Անօդաչու թռչող սարքերի և ականանետների կիրառմամբ հրետակոծում են հայկական դիրքերը Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի, Ջերմուկի և հարակից բնակավայրերի ուղղությամբ»,- մասնավորապես ասված է նամակներում։

Խորհրդարանի նախագահն ասել է, որ ադրբեջանական ուժերը միտումնավոր գնդակոծում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։

«Հայկական կողմն ունի զոհեր, այդ թվում խաղաղ բնակիչներ են տուժել, ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ ենք կրել: Ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հարձակվելու փորձերը»,- ընդգծվում է նամակներում։

Ազգային ժողովի նախագահը միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը համառորեն տեղեկատվական բազա է ստեղծել այդ ռազմական սադրանքի համար՝ ամեն օր կեղծ տեղեկատվություն տարածելով «հայկական կողմի ենթադրյալ գնդակոծության» մասին:

Սիմոնյանը հիշեցրել է, որ այդ պահվածքն ադրբեջանական հայտնի ոճ է, որն ապացուցվել է 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո:

«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ Հայաստանի կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանի Դաշնությանը՝ խնդրելով հղում կատարել Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին երկկողմ պայմանագրին: Ակնհայտ է, որ Ադրբեջանի այսօրինակ աղաղակող և ապօրինի գործողությունները հնարավոր են դարձել միջազգային հանրության լռության հետևանքով նաև: Նպատակաուղղված արձագանքի և համարժեք գործողությունների բացակայությունն այսօր հանգեցրել է Ադրբեջանի իշխանությունների ավելի սանձարձակ ագրեսիային»,-ամփոփել է Ալեն Սիմոնյանը՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել այդ կենսական հարցը լուծելու համար և նպաստել Ադրբեջանի ագրեսիայի դադարեցմանը, որը խաթարում է ամբողջ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը:
Հայաստանի ԱԺ նախագահը պաշտոնապես դիմել է Միջխորհրդարանական միության նախագահ Դուարտե Պաչեկոյին և գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին, ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային: