Ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ ՀՀ-ն իրավազորություն կամ վերահսկողության որևէ ֆունկցիա չունեն Լաչինի միջանցքում, հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ բանակցությունների բանագնաց Ռուբեն Ռուբինյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ հարցազրույցում:
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո, ընդ որում, ուշադրություն՝ եթե բուն Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմը բառիս դասական իմաստով խաղաղապահությամբ է զբաղվում, այսինքն՝ երկու հակամարտող կողմերի միջև է կանգնած՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի, ապա Լաչինի միջանցքում, որը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կմ լայնությամբ տարածք է, իրականացնում է այդ տարածքի ուղիղ վերահսկում», - հայտարարել է Ռուբինյանը:
Նա նշել է, որ, ըստ հայտարարության, ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ ՀՀ-ն իրավազորություն կամ վերահսկողության որևէ ֆունկցիա չունեն Լաչինի միջանցքում
«Ադրբեջանը նույնպես Լաչինի միջանցքում որևէ իրավասություն չունի, բայց ունի մեկ պարտավորություն՝ երաշխավորել Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղից Հայաստան մարդկանց, մեքենաների և բեռների անվտանգ շարժը և, բնականաբար, Ադրբեջանը խախտել է այս կետը», - ընդգծել է նա։
Փոխխոսնակի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ամեն ինչ արդեն քննարկվել է․ Լաչինի միջանցքի կարգավիճակը, դրա գործունեության պարամետրերը ամրագրված և հաստատված են այս հայտարարությամբ։
«Այն, ինչ պետք է բանակցել, արդեն քննարկվել է, և արդյունքում 2020 թվականի նոյեմբերի 9-ին հայտարարություն է ընդունվել: Արձանագրված փաստ կա, որ համաձայն այս հայտարարության՝ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի և գտնվի Ռուսաստանի խաղաղապահներ վերահսկողության տակ։ .Հիմա դա այդպես չէ»,- շեշտել է նա։