Բավ է պառակտվել
11-03-2020 17:39

«Կասկած չունեմ, որ այս հանրաքվեում լինելու է սարքոցի» - Արա Վարդանյան

«Կասկած չունեմ, որ այս հանրաքվեում լինելու է սարքոցի»,-ասում է «Հայաստան» hամահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը: Վերջինիս խոսքով իշխանություններն իրենց անհրաժեշտ այդ ձայներն ապահովելու, ինչ-որ մեխանիզմ հնարել են:
«Մեկ-երկու ամիս առաջ իշխող կուսակցության բոլոր պատգամավորներն ու վարչապետը ԱԺ ամբիոնից հայտարարում էին, որ հանրաքվեն ժողովորդի պահանջն է.հիմա հարց է ծագում. եթե ժողովրդի պահանջն է, ինչո՞ւ եք ընկել դռնեդուռ ու ժողովրդին համոզում, որ գնան քվեարկելու: Եթե ժողովրդի պահանջն է, ուրեմն հանգիստ թող նստեն գործի տեղերում, գործ անեն այս ժողովրդի համար ու եթե ժողովրդի պահանջն է, ժողովուրդը կգնա ու հանգիստ քվեարկեի: Բայց ժողովրդին ևս մեկ անգամ համոզում են գնալ ու մասնակցել հանրաքվեին: Սրանով կարող ենք ապացուցված համարել ևս մեկ սուտ, որ իշխանությունը մատուցում էր, թե ժողովրդի պահանջն է և այսօր փորձում է նույն այդ մարդկանց համոզել գնալ քվեարկելու»:

Արա Վարդանյանն ասում է, որ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի՝ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսնում է իր թիվ մեկ հակառակորդին։ Հետևաբար լիովին հասկանում է Նիկոլ Փաշինյանին. «Նա շատ ճիշտ է մտածում. այո, Ռոբերտ Քոչարյանն իր թիվ մեկ քաղաքական ընդդիմադիրն է, դուրսը լինելու պարագայում ես կասկած չունեմ, որ կլինեն բավականին լուրջ համախմբումներ ի վնաս Նիկոլ Փաշինյանի իշխանության: Սա կասկածից վեր է»:

Ասուլիսին ներկա «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանն ասաց, որ այս իշխանությունը տարածում է միայն ատելություն և թշնամանք:

«Ատելությունն ու թշնամանքը մեր հասարակության մեջ երբևէ որևէ լավ բանի չի բերելու, աշխարհի որևէ հասարակության մեջ դա լավ ավարտ չի ունեցել: Լավ նպատակներ են ներկայացնում հասարակությանը, բայց իրենց միջոցները շատ վատն են, կեղտոտ քարոզարշավ են իրականացնում, որտեղ անընդհատ ատելություն են սերմանում հասարակության մեջ»,-նշեց նա:
Սարգիս Ավետիսյանի խոսքով ՀՀ երկրորդ նախագահը, ըստ էության, տանում էր մի քաղաքականություն, որն այն ուժերի, որոնք այսօր Նիկոլ Փաշինյանին ու ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանին իշխանության մեջ պահում ու ստարում էին, դրանց հակառակ էր:

Նա հիշեցրեց Ամերիկայի ժողովրդավարության ինստիուտը, որը Հայաստանում գործում էր, բայց գրանցված չէր, Ռոբերտ Քոչարյանը ժամանակին 24 ժամ էր տվել այդ կազմակերպությանը, որպեսզի հեռանար Հայաստանից, բայց 2008 թվականից հետ այդ կազմակերպությունը գրանցվել է Հայաստանում ու սկսել իր գործունեությունը, ինչպես նաև այլ բազմաթիվ կազմակերպություններ, որոնք գրանցվեցին ու սկսեցին գործունեություն ծավալել օրինական դաշտում:

Արա Վարդանյանն էլ հավելեց,որ գործ ունեն պոպուլիստների հետ, «Այս հանրաքվեն իր համար նաև Արցախի հարց է, քանի որ կասկած չունի, որ լինելու է ինչ-որ մի փաստաթուղթ, որն անցնելու է ՍԴ վավերացմամբ:
«Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի էլ կասկածում, որ Հրայր Թվմասյանն ու ներկայիս ՍԴ դատավորները նման փաստաթուղթ չեն ընդունի, չեն ընդունի նաև Ստամբուլյան կոնվենցիան: Ժողովուրդը պետք է հասկանա, որ այսօր Հայաստանում գնում է արժեհամակարգի ոչնչացում: Այսօրվա խաղը շատ ավելի մեծ է, քան կոռուպցիան, հանցագործությունը: Այսօր խաղի կանոնները փոխվել են, խաղը Հայաստանի ապագայի մասին է»: –ասաց Արա Վարդանյանը։

 

Արմինե Գևորգյան