Բավ է պառակտվել
11-06-2020 19:35

Մենք ունենք այն, ինչ միավորում է մեր ժողովուրդներին՝ և մենք պետք է դա պահպանենք։» - ՌԴ դեսպան

Նախատեսվու՞մ է արդյոք Փաշինյան-Պուտին հանդիպում վարչապետի՝ Մոսկվա կատարելիք առաջիկա այցի շրջանակում: Հարցին ի պատասխան Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանն ասել է, որ այս պահին մանրամասները քննարկման փուլում են։
Դեսպանը պատասխանել է հարցին, թե համապատասխանու՞մ են արդյոք իրականությանը շրջանառվող լուրերը, որ Կրասնոդարում Հայասանից արտահանված մաքսանենգ բեռով ծխախոտ է բռնվել։

Վերջինս նշել է, որ ՌԴ դեսպանատունը մաքսանենգության մասով ցուցումներ չի ստացել։ Այլ մանրամասներ դեսպանը չի հաղորդել։ Ինչ վերաբերում է հայ– ռուսական հարաբերություններին, ապա դրանք, ըստ դեսպանի, ներքաղաքական պայքարի կամ ինչ-որ շահերի պատանդ չեն կարող դառնալ։
«Որ ռուսական թեման զգալիորեն առկա է ներքաղաքական բանավեճում, հասկանալի է։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում։ Մենք ունենք այն, ինչ միավորում է մեր ժողովուրդներին՝ անկախ անձերից։ Եվ սա այն է, ինչ մենք պետք է պահպանենք։»,-ասում է դեսպանը։

Հենց այդ հարաբերություններով էլ պայմանավորված է, որ արտակարգ դրության առաջին իսկ օրերից ՝ Ռուսաստանն ու Հայաստանը որպես եղբայրական, ԵԱՏՄ անդամ երկրներ սերտորեն համագործակցել են հակահամաճարակային միջոցառումների հարցում, շեշտում է դեսպանը ։
«Վիրուսի դեմ պայքարի ամենավաղ փուլերում մեր պրոֆիլային գերատեսչությունները հայ գործընկերներին են փոխանցել 1500 թեստ՝ վարակի հայտնաբերման համար։ Հետագայում ևս 2 անգամ Հայաստանի առողջապահության նախարարությանը տրամադրվել է թեստավորման 20 հազարական փաթեթ,իսկ համավարակի դեմ պայքարում զգալի ներդրում ունի նաև ռուսական նորագույն ախտորոշիչ լաբորատորիան, որը Հայաստանում է գտնվում ապրիլի 7-ից ու երկու երկրի Պաշտպանության նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքն է»։
Թե երբ կբացվեն հայ–ռուսական սահմանները, դեսպանը դժվարանում է ասել։ Այս պահին գերխնդիրը Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների վերադարձը կազմակերպելն է։ Մինչև այս պահը կազմակերպվել է 981 մարդու վերադարձ՝ չհաշված այն անձանց, որոնք ինքնուրույն են վերադարձել։
«Այս պահին հնարավոր է դարձել Վրաստանի տարածքով կազմակերպել արդեն չորս խմբի վերադարձ ՌԴ, ինչը մեծ ձեռքբերում է։ Այստեղ խնդիրը ոչ թե մեր ցանկությունների մեջ է, այլ հարց է, որը Վրաստանի հետ համաձայնեցման կարիք ունի։ Հասկանալի է, որ թույլտվութան մասին որոշումը կայացնում է

Վրաստանը՝ հաշվի առնելով համաճարակային պայմանները։ Մենք շնորհակալ ենք Վրաստանին այս հարցերը կառուցողական լուծելու համար, իհարկե, սրանք հեշտ հարցեր չեն՝ հաշվի առնելով, որ սեփական մեքենաների միջոցով Վրաստանի տարածքով քաղաքացիների մուտքն այս պահին փակ է», - ասաց դեսպանը։
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է նաև այն խոսակցությունները, թե իբր Հայաստանի իշխանությունները հրաժարվել են
Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման համար ռուսական վարկավորումից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը 2019 թ․-ի պետբյուջեի ծրագրի կատարման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը Մեծամորի ատոմակայանի վերանորոգումը կավարտի սեփական միջոցներով։ Մոսկվայի հետ վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականին։
Դեսպանը հիշեցրեց, որ վարկի մեծ մասն (270 միլիոն դոլարից 200 միլիոնը) արդեն ծախսվել է։
«Խոսքը մնացած մասին է վերաբերում։ Ցավոք, մինչև միջկառավարական համաձայնագրի գործողության ժամկետի ավարտը աշխատանքները չեն ավարտվել։ Պատճառների մասին չեմ խոսի. դրանք տարբեր են։ Վարկի հետաձգման հարց ծագեց։ Այդ կապակցությամբ մեր երկրների ֆինանսների նախարարությունները խորհրդակցություններ են անցկացրել և անցկացնում, և հարցը փակված չէ»,-նշեց նա։
Ըստ դեսպանի խնդիրն այն է, որ ատոմակայանի շահագործման արտոնագիրը գործում է մինչև 2021 թվականը։ Իսկ այն վերականգնելու համար պետք է մի շարք լուրջ, բարձր տեխնոլոգիական աշխատանքներ կատարել, որոնք պահանջում են պայմանագրեր կնքել, սարքավորումներ մատակարարել։

Հիշեցնենք, որ ռուսական վարկի հաշվին փոխարինվել են գործող էներգաբլոկի երկու գեներատորները, ինչպես նաև արդիականացվել է կառավարման վահանակը:

 

 

Արմինե Գևորգյան