Բավ է պառակտվել
07-12-2020 17:55

«Մենք չունենք պետություն»․ Նաիրա Զոհրաբյան

Այսօր ունենք կորսված Արցախ։ Ադրբեջանը պատերազմով վերցրել է Արցախի 3763 կմ տարածքը, իսկ 4000 կմ-ից ավելի տարածք Նիկոլ Փաշինյանը հանձնել է առանց կրակոցի»,-  այսօր երկրում առաջացած իրավիճակը քննարկելու նպատակով հրավիրված խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Մենք այսօր ունենք բացարձակ անիշխանություն և չունենք պետություն։ Ունենք նաև Հայաստանի տարածքային ամբողջականության ռեալ վտանգ, քանի որ քիչ առաջ խոսեցի նաև Խնձորեսկի գյուղապետի հետ, թուրքը գտնվում է Խնձորեսկից ընդամենը 600 մետր հեռավորության վրա։ Եվ այլևս այդպես է իրավիճակը Սյունիքի բազմաթիվ գյուղերում։ Մեր երկրի սահմանը ճշտվում է GPS-ով։ Եղել եմ Սոթքում, Վարդենիսից մի քանի կմ հեռու մեր հայրենիքը վերջանում է, որովհետև ադրբեջանցին իր GPS-ով կանգնած ճշտում է մեր հայրենիքի սահմանը։ Արցախը հանձնածն էլ ասում է՝ դե այդպես է, պիտի վերադառնանք խորհրդային Հայաստանի և խորհրդային Արցախի սահմաններին»,- ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանը նշեց,որ մենք ունեինք մի քանի օրվա պատերազմի ռեսուրս, բայց մեզ 2.7 տարի ասում էին՝ գնված «Օսա-ԱԿ»-ները մետաղի ջարդոններ չեն, բայց պարզվեց՝ մետաղի ջարդոն են։ Իսկ ՍՈւ-երն էլ, որ գնված էին միայն Նիկոլի ընտանիքի սելֆիների համար, պատերազմի համար պիտանի չէին։

«Մեզ ասում էին՝ նոր պատերազմը նոր տարածքների համար է լինելու, մենք էլ հավատում էինք։ Բայց պարզվեց, որ մենք ունեինք մաքսիմում մեկ շաբաթվա պատերազմի ռեսուրս, բայց մեր հերոսական տղաները «Բայրակթարների» դեմ պայքարեցին 44 օր»,- նշեց պատգամավորը։

Նա  նկատեց՝ այսօր այս իշխանությունը չի կարող զբաղվել անգամ ռազմագերիների հարցով, մի իշխանություն, որն այսօր Ադրբեջանի թիվ մեկ «կարիկատուրան» է, չի կարող զբաղվել այդ խնդրով։

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, այս իրավիճակից մի ելք կա՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը։
«Նա պետք է հեռանա խաղաղ, իր կամքով։ Բայց ես չեմ հավատում, որ Նիկոլ Փաշինյանը կտա հրաժարական. նա մինչև չհրահրի քաղաքացիական բախումներ, չի հեռանա։ Պիտի ամեն ինչ անենք, որ քաղաքացիական բախումներ չլինեն»,- եզրափակեց խոսքը պատգամավորը։

Արմինե Գևորգյան