Բավ է պառակտվել
24-09-2020 12:22

«ՍԴ նախագահն ունի միայն մեկ առաքելություն». Հրայր Թովմասյան

 

«Ես, իհարկե, ունեմ ասելիք, դիրքորոշում ոչ միայն այս, այլև շատ ու շատ խորքային պրոցեսների վերաբերյալ, որոնք ենթադրում են այլ ֆորմատով ասել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահի ընտրության այսօր վերսկսված աշխատակարգային նիստից առաջ։

Նրա խոսքով` ինքը որևէ դատավորի հետ որևէ թեկնածություն չի քննարկել։ «Քվեարկությունը գաղտնի է, դուք չեք իմանա` ով ինչպես է քվեարկել։ Բայց այս ընտրությունը օրվա հարց մի դարձրեք, որովհետև ՍԴ նախագահն իր հիմնական ֆունկցիան կատարելիս ոչնչով չի տարբերվում մյուս դատավորներից։ Ինքն ունի ընդամենը մեկ առաքելությունը` ապահովել ՍԴ բնականոն աշխատանքը»,- նկատեց Հրայր Թովմասյանը։

Վերջինս նշեց, որ իր քվեարկությունը կատարելիս առաջնորդվելու է 3 ասպեկտով։ «Դրանք պրոֆեսիոնալ հատկանիշներն են։ Ինքը և՛ ներսում, և՛ դրսում պետք է հեղինակություն լինի։ Երկրորդը՝ մարդկային հատկանիշներն են, թե որքանով է ինքն ունակ ՍԴ-ում իրականում ապահովել այնպիսի մթնոլորտ, որ դա թույլ տա մարդկանց աշխատել և վարչական, կազմակերպչական ունակությունները»,- ասաց Հրայր Թովմասյանը։

Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում ՍԴ-ում իր աշխատանքը` հաշվի առնելով այն բոլոր գործընթացները, որոնք տեղի ունեցան ՍԴ–ի և անձամբ իր անձի շուրջ, Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ դրանք պետք է իրարից բաժանել, և իր մասնակցության ֆորմատը ելնելու է կոնկրետ իրավիճակից։

«Դրանից դուրս ինչ ասել և արել եմ, ես դրա տերն եմ, որտեղ էլ կլինեմ՝ երկրի ներսում, թե դրսում»- ասաց Հրայր Թովմասյանը։

Նա նշեց նաև, որ որևէ իրավական խնդիր իր թեկնածության առաջադրման, չկա։