Բավ է պառակտվել
29-09-2020 13:40

«Մեր դիրքորոշումը հստակ է` ռազմական գործողությունները պետք է դադարեն» . ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան.

Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է և ակտիվ կապի մեջ է բոլոր՝ հայկական, ադրբեջանական ու թուրքական կողմերի հետ՝ ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիան դադարեցնելու նպատակով, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ամեն ինչ արվում է, որպեսզի լարումը թուլանա։ Մեր դիրքորոշումը հստակ է։ Իրավիճակը պետք է վերադառնա խաղաղ բանակցային հուն, և կանխվի դրսից եկող ապակայունացնող ազդեցությունը։ Ալտերնատիվ տարբերակ այս հարցում չկա», - ասել է Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի իր խնդիրն է թույլ չտա էսկալացիան և որպես միջնորդ պայմաններ ստեղծել փախադարձ ընդունելի խաղաղ որոշում գտնելու համար:

«Ռուսաստանն անում է ամեն ինչ, այդ թվում՝ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ փոխգործակցությամբ, որպեսզի էսկալացիան դադարի», - ասաց նա:

Հարցին, որ Ռոստովից Հայաստան երկու ռազմական ինքնաթիռ է թռել, ո՞րն է նպատակը, Սերգեյ Կոպիրկինը չպատասխանեց, փոխարենն առաջարկեց դիմել ՀՀ պաշտպանության նախարարությանը. «Ես այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում»:

Իսկ ՀԱՊԿ-ը չի՞ պատրաստվում միջամտել, հատկապես որ որոշ գործողություններ ուղղված են արդեն Հայաստանի դեմ, այս հարցին էլ դեսպանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Դուք գիտեք, որ եղել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը` հստակ ուղերձով, որ պետք է լինի էսկալացիայի թուլացում, ռազմական գործողությունների դադարեցում»: