Բավ է պառակտվել
21-02-2022 19:38

Երևանում «Եվրանեսթ» ԽՎ բյուրոյի մասնակիցները քննարկել են ԵՄ-ում և Արևելյան գործընկերության տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

Երկուշաբթի Երևանում տեղի է ունեցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը: Հայաստանի ԱԺ մամլո ծառայությունից հայտնում են, որ նիստին մասնակցել են Արևելյան գործընկերության երկրներից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ուկրաինայի խորհրդարանների, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի քաղաքական խմբերի պատվիրակությունների ղեկավարները:

Նիստի ընթացքում Արևելյան գործընկերության երկրների պատգամավորները ներկայացրել են իրենց երկրներում ընթացիկ քաղաքական գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն: Քննարկվել են նաև Եվրոպական միությունում և Արևելյան գործընկերության տարածաշրջանում անվտանգային ու քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:

Փետրվարի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի են ունենալու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի, Էներգետիկ անվտանգության հարցերի, Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստերը:

Երևանում «Եվրանեսթ»-ի նիստերն ընթանում են բողոքի ակցիաների ֆոնին։ Դրանց մասնակիցները բողոքում են Ադրբեջանից երկու պատգամավորների Հայաստանի մայրաքաղաք ժամանելու դեմ։

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ի և Արևելյան Եվրոպայի իր գործընկերների միջև «Արևելյան գործընկերության» կազմակերպություն է, հիմնադրման ակտը ստորագրվել է 2011 թվականի մայիսի 3-ին։

ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախագծում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։ Հարթակի նպատակն է զարգացնել ինտեգրացիոն կապերը Եվրամիության և հետխորհրդային այս վեց երկրների միջև։