Բավ է պառակտվել
20-04-2023 18:35

Հայոց նոր ցեղասպանության սպառնալիք. ԱՄՆ կոնգրեսականները խստորեն դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված միջոցառմանը ԱՄՆ կոնգրեսականները խստորեն դատապարտել են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ։ Միջոցառումը տեղի է ունեցել նախօրեին Կոնգրեսի շենքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նախկին խոսնակ Փելոսին՝ հայերին աջակցելու մասին

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորումը պետք է լինի բանակցային ճանապարհով, որպեսզի հնարավոր լինի ճանապարհ հարթել դեպի խաղաղություն և անվտանգություն։ Ամերիկան կլինի այնտեղ, քանի որ Հայաստանը պահում է ճակատը ժողովրդավարությունն ընդդեմ ավտոկրատիայի ճակատամարտում։ Մենք դա տեսանք, երբ այնտեղ էինք»,- ասել է ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Նենսի Փելոսին։

Նրա խոսքով, իրենք Կոնգրեսում կենտրոնացած են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ուժի կիրառման վրա: Փելոսին ընդգծել է, որ իրենց կողմից հայ ժողովրդին աջակցելը վեր է նախասիրություններից և քաղաքականությունից։

«Ամերիկան կլինի այնտեղ, քանի որ Հայաստանը պահում է ճակատը ժողովրդավարությունն ընդդեմ ավտոկրատիայի ճակատամարտում։ Մենք դա տեսանք, երբ այնտեղ էինք»,- ասել է Փելոսին, ով Երևան էր այցելել 2022 թվականի սեպտեմբերին։

Շիֆը՝ հանուն Արցախի ինքնորոշման իրավունքի

«ԱՄՆ-ն պետք է դադարեցնի աջակցությունն Ադրբեջանի նախագահ Ալիևի վարչակարգին և պատասխանատվության ենթարկի նրան պատերազմական հանցագործությունների համար», - ասել է ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը։

Նա շեշտել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ Կոնգրեսի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից հաղթանակ էր մարդու իրավունքների, ճշմարտության համար:

«Մենք պետք է անենք ավելին, քան խոստանանք, որ երբեք չենք մոռանա: Մենք պետք է անենք այնպես, որ դա երբեք չկրկնվի», - ասել է Շիֆը՝ հիշեցնելով Ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդի կրած սարսափների մասին:

Նրա խոսքով՝ հայերին սպառնացող վտանգը չի վերացել: Հայաստանն այսօր էլ դեռ հարձակման տակ է… «Վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանի թշնամանքը Հայաստանի և Արցախի դեմ հասել է իր գագաթնակետին: Կարող եմ ասել, որ երբեք այնքան մտահոգված չեմ եղել, որքան այսօր, որ Ադրբեջանը կարող է ևս մեկ լայնածավալ պատերազմ նախատեսել Հայաստանի և Արցախի դեմ», - ասել է Շիֆը՝ հիշատակելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և դրա հետևանքով ստեղված հումանիտար ճգնաժամը:

ԱՄՆ կոնգրեսականը նաև նշել է, որ Ադրբեջանի նախագահը ուժեր է կուտակել սահմանին, ինչպես նաև հայտարարել է, որ արցախահայերը չունեն այլընտրանք. նրանք կա՛մ պետք է փախչեն, կա՛մ ապրեն կյանքին սպառնացող պայմաններում:
Ըստ Շիֆի՝ ԱՄՆ իշխանությունները պետք է խիստ պատժամիջոցներ սահմանեն Բաքվի ռեժիմի դեմ, որպեսզի նախագահ Ալիևը վերջապես վերաբացի Լաչինի միջանցքը և ազատի գերեվարված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: «Եվ ես կոչ եմ անում վարչակազմին և Կոնգրեսին՝ աջակցել Արցախի ինքնորոշման իրավունքին», - նշել է Ադամ Շիֆը:

Քեթի Փորթերը՝ ԱՄՆ արձագանքի մասին

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման նպատակը մեկն է՝ կյանքն անհնար դարձնելու համար պայմաններ ստեղծելու եղանակով ստիպել Արցախի էթնիկ հայերին հեռանալ իրենց հայրենիքից», - ասել է ԱՄՆ կոնգրեսական Քեթի Փորթերը։

Նրա կարծիքով, ԱՄՆ պատասխանը նույնպես պետք է հստակ լինի. Վաշինգտոնը պետք է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկի իր ագրեսիայի համար։

«Մենք նաև պետք է ճնշում գործադրենք, որպեսզի Բայդենի ադմինիստրացիան պրոակտիվ լինի և քայլեր ձեռնարկի այս շրջափակումը վերացնելու համար։ Ամերիկացի հարկատուները չպետք է հովանավորեն Ադրբեջանի թշնամանքը հայ ժողովրդի դեմ։ Այնքան ժամանակ, որքան շարունակվելու է ագրեսիան, Ադրբեջանը չպետք է ստանա որևէ ռազմական աջակցություն»,- ասել է Փորթերը։

Ֆրենկ Փալոն․ նոր ցեղասպանության սպառնալիք

«Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը, Լաչինի միջանցքի արգելափակումը Հայոց ցեղասպանության շարունակությունն են», - նման հայտարարություն է արել Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը:
Նրա կարծիքով, այն, ինչ կատարվում է Արցախում, հարձակումը, ագրեսիան, որ տեղի ունեցավ երկու տարի առաջ, Լաչինի միջանցքի արգելափակումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ցեղասպանության շարունակություն:

«Մենք գիտենք, որ Արցախում մարդիկ զրկանքների են ենթարկվում՝ չունենալով բավարար քանակությամբ սնունդ, բավարար քանակությամբ դեղորայք: Դա ցեղասպանություն է թվում, սակայն մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա: Սակայն դա նույն երևույթն է՝ անկախ նրանից դա Ադրբեջանն է իրագործում թե Թուրքիան», - շեշտեց կոնգրեսականը:
Ֆրենկ Փալոնը նաև ընդգծեց, որ ադրբեջանական այս ագրեսիան ուղղված չէ միայն Արցախի դեմ: Ադրբեջանի բանակը շարունակում է ներխուժումները Հայաստան՝ փորձելով ավելի շատ տարածքներ գրավել:

«Հայկական հարցերով խմբի անդամները բազմիցս հիշեցրել են ԱՄՆ պետքարտուղարությանը, որ Լաչինի միջանցքի արգելափակումն անընդունելի է», - ասել է կոնգրեսականը:

Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Մինսկի խմբի մյուս համանախագահների կողմից գործադրվող ճնշումն, ի վերջո, կնպաստի միջանցքի վերաբացմանը, և որ բանակցությունների արդյունքում Արցախն, ի վերջո, կճանաչվի հայկական տարածք և ևս մեկ անգամ շեշտել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու անթույլատրելիությունը:

Ռոբերտ Մենենդես․ դադարեցնել ԱՄՆ-ի օգնությունն Ադրբեջանին

«Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրումը ոչ միայն վնասում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերը, այլև դեմ է մեր պարտավորությանը՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերին և ողջ մնացածներին, ինչպես նաև մեր պարտավորությանը՝ համոզվելու, որ պատմությունը չկրկնվի»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեսը։

Սենատորը, մասնավորապես, հիշեցրել է, որ իր կնոջ պապը Հայոց ցեղասպանության ժամանակ մահից մազապուրծ եղած հայերից էր։

Միևնույն ժամանակ, Մենենդեսն ընդգծել է, որ դեռ շատ անելիք կա ոչ միայն այն պատճառով, որ Թուրքիայի կառավարությունը շարունակում է փորձել թաքցնել ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին՝ հետապնդելով գրողներին և պատմաբաններին, այլև որովհետև Ադրբեջանն անօրինական շրջափակման մեջ է պահում Արցախի հայերին: Մենենդեսը շեշտեց, որ 2020 թ.-ին Բաքվի սանձազերծած պատերազմի հետևանքով մոտ 100 հազար հայ է տեղահանվել Լեռնային Ղարաբաղից:

«Ըստ իս՝ Միացյալ Նահանգների արձագանքն անընդունելի է, այդ պատճառով ես պնդում եմ ավելի շատ հումանիտար օգնություն ուղարկել՝ աջակցելու ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում տուժածներին»,- ասել է սենատորը։

Նա նաև հայտնել է, որ հավաստիացում է ստացել պետքարտուղար Էնթոնի Բլինքենից, որ քայլեր կձեռնարկվեն Լեռնային Ղարաբաղում գտնվող հայերին ավելի շատ օգնություն տրամադրելու ուղղությամբ:

Մենդենդեսը նաև անթույլատրելի է անվանել Վաշինգտոնի կողմից ռազմական և այլ աջակցությունը Բաքվի ռեժիմին՝ հաշվի առնելով ադրբեջանցի զինվորականների կողմից հայ անզեն զինվորների խոշտանգումները:
«Մենք չպետք է «անկողին մտնենք» Ադրբեջանի նման կառավարությունների հետ: Դա աններելի է, դա բարոյապես խորշելի է և դա պետք է դադարի»,-շեշտել է քաղաքական գործիչը։