Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը և Bayraktar Savunma ընկերությունը հուշագիր են ստորագրել Կիևի մարզի ուսումնափորձնական կենտրոնի կառուցման մասին՝ թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի սպասարկման և դրանց շահագործումն անձնակազմին ուսուցանելու համար: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի մամլո ծառայությունը, ում ներկայությամբ էլ չորեքշաբթի ստորագրվել է հուշագիրը։
«Սա մեծ իրական առաջընթաց է։ Շնորհակալ եմ նախագահ [Թայիփ] Էրդողանին։ Դա Ուկրաինայի ինքնիշխանության և անկախության իրական աջակցությունն է»,- Զելենսկու խոսքն է մեջբերում ծառայությունը։
Փաստաթղթի համաձայն՝ Bayraktar Savunma-ն Վասիլկովի մերձակայքում Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը պատկանող տարածքում կկառուցի ընկերության անօդաչու թռչող սարքերի սպասարկման, ընթացիկ վերանորոգման, արդիականացման կենտրոն, որտեղ կիրականացվի նաև անօդաչու թռչող սարքերի հետ աշխատող անձնակազմի ուսուցում և նախապատրաստում: Ենթադրվում է, որ հետագայում Ուկրաինայում կկառուցվեն մի շարք նման կենտրոններ։
Պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ հաջորդ փուլը կլինի թուրք-ուկրաինական անօդաչու թռչող սարքերի արտադրության հիմնադրումը: Նախագահի գրասենյակի տեղեկատվության համաձայն, Bayraktar Savunma-ն ծրագրում է միջոցներ ներդնել Ուկրաինայում ԱԹՍ-ի գործարանի կառուցման համար, որտեղ կաշխատեն ուկրաինացի մասնագետները:
2020թ․ եկտեմբերի 14-ին Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Թուրքիայի հետ կորվետների և հարվածային ԱԹՍ-ների արտադրության մասին համաձայնագիր ստորագրելու մասին։ Կիևը դեռևս 2019թ․-ին Թուրքիայից գնել և փորձարկել էր «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր, որոնք նախատեսվում է համալրել թուրքական Rokestan ընկերության MAM-L բարձր ճշգրտության ռումբերով: Ոչ պաշտոնական տվյալներով՝ պայմանագրի գումարը կազմել է 69 մլն դոլար։