Բավ է պառակտվել
24-02-2014 15:44

Ուկրաինայում ընթացող արյունալի իրադարձությունները կարող են ոգեշնչե՞լ հայերին

Ուկրաինայում ընթացող արյունալի իրադարձությունները ոգեշնչել են քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանին, ով այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Հայաստանում ևս սպասվում է նման հեղափոխություն, սակայն ավելի լավ կազմակերպված:

Այն արյունը, որը թափվել է հեղափոխության ընթացքում, զգոնացնելու է քաղաքական կուսակցություններին: Փաստ է այն, որ Ուկրաինայում տեղի է ունեցել հեղափոխություն, որի կենտրոնում քաղաքացիական շարժումն էր՛՛:
Ըստ քաղաքագետի, այս իրադարձությունները սովետական տարածքում բոլորովին նոր երևույթ են: Ըստ նրա կանխատեսումների հաջորդը Հայաստանի հերթն է, մարդիկ կպայքարեն քրեաօլիգարխիկ համակարգի դեմ:

՛՛Հայաստանում հեղափոխությունը լինելու է ավելի գիտակցված և ավելի պատրաստված: Հայաստանում այսօր էլ խորհրդարանական կուսակցությունների նկատմամբ վստահություն չկա, իսկ Հանրապետական կուսակցության հեգնանքը տեղի ունեցող իրադարձություններին ավելի է սրում իրավիճակը՛՛,- հավելեց Ղուկասյանը:

Նա նշեց, որ ՀՀ-ում հեղափոխությունը ոչ թե կուսակցությունների կողմից կլինի այլ քաղաքացիական շարժման շնորհիվ:

Իսկ դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ նշեց, որ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններն ու դրանց հետևանքները կանխատեսելի էին այնքանով, որ պետությունները, որոնք անմասն են և ականջալուր չեն իրենց ժողովրդի կարծիքին, պետք է կանգնեն այսպիսի փաստի առաջ:

Նա նաև ասաց, թե աշխարհաքաղաքական գործընթացներ կան, որոնց պետք է ուշադրություն դարձնել: Նրա գնահատմամբ Ուկրաինայում ամեն ինչ դեռ ավարտված չէ, շարունակվելու են այս գործողությունները, և եթե ընդդիմադիր ուժերը չգան լուրջ համաձայնության, ապա կարող է սառը պատերազմ սկսվել: