Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հայտնել է Լեռնային Ղարաբաղ մեկնելու իր պատրաստակամության մասին։
«Չնայած իմ և բազմաթիվ այլ միջազգային շահագրգիռ կողմերի կոչերին, հաղորդվում է, որ տարածքում հումանիտար իրավիճակի և մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրներն ավելի են վատթարացել, հատկապես ազդելով առավել խոցելի մարդկանց վրա՝ մարդկանց տեղաշարժի և սննդի հասանելիության և շտապ բժշկական օգնության երկարատև խափանումների պատճառով»,- նշել է Միյատովիչը՝ մատնանշելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից ներկայացված հաղորդագրություններն ու զեկույցները։
Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակման մասին
Դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ. Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր (Լաչին) միջպետական միջանցքը, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ամբողջությամբ փակվել է ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից։ Արդյունքում խախտվել են երկրի 120 հազար բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների իրավունքները։
Ադրբեջանը խափանել է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումն Արցախ, ինչի պատճառով հովհարային անջատումներ են սկսվել։ Պարբերաբար խափանվում է հեռահաղորդակցությունն ու ինտերնետ կապը։ Արցախում ներդրվել է մի շարք պարենային ապրանքների կտրոնային համակարգ, երկիրն ապրում է ռեսուրսների, վառելիքի, սննդի, դեղորայքի և կենսական նշանակություն ունեցող այլ ապրանքների խնայողության ռեժիմով։
Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Հայաստանի պահանջը և Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։
Ապրիլի 23-ին հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում գտնվող Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետ է տեղադրվել։ Հունիսի 15-ի առավոտյան Հակարի կամրջի վրա տեղի ունեցած ռազմական սադրանքից հետո Ադրբեջանն արգելել է ապօրինի տեղադրված անցակետով բոլոր տեսակի մարդասիրական , այդ թվում մարդկանց և բեռների, փոխադրումները երկու ուղղություններով։