Բավ է պառակտվել
21-12-2018 18:52

Կառավարության ստորին օղակների համագործակցությունը ռուսաստանյան գործընկերների հետ բավարար չէ. փորձագետ

Հայաստանի կառավարության ստորին Էշելոնի համագործակցության մակարդակը ռուսաստանյան գործընկերների հետ բավարար չէ, կարծում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը:

Նա նշել է, որ հայ հասարակության և ԶԼՄ-ների մեջ երկակի կարծիք և դիրքորոշում կա Ռուսաստանի նկատմամբ, բայց Մոսկվան արդեն հայտարարել է, որ կուղղորդվի արարողակարգային դիրքորոշմամբ: Սա, նրա կարծիքով, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է այն հանգամանքով, որ “Հայաստան” ասելով այժմ նրանք հասկանում են պետություն, այլ ոչ թե՝ անձ:

“Եթե նման վերափոխումներ են տեղի ունենում՝ մենք կարող ենք օգտագործել դրանք ի շահ Հայաստանի և Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման։ Սակայն բոլորը պետք է իրենց լուման ունենան այս վերափոխման մեջ` ինչպես մեր համայնքում, օգտագործելով բոլոր մեխանիզմները, այնպես էլ Հայաստանում անհրաժեշտ է ուսումնասիրել և ընկալել, ինչպես են աշխատում տարբեր ռուսական ինստիտուտները՝ գործընկերությունը զարգացնելու նպատակով”, - ասել է Պողոսյանը ուրբաթ օրը մամլո ասուլիսի ժամանակ:

Փորձագետի կարծիքով, անհրաժեշտ է ստեղծել հարաբերությունների այնպիսի մակարդակ, որ անձի հետ կապ չունենան, դրա համար հարկավոր է աշխատել տարբեր աղբյուրների հետ:

Նա ընդգծել է, որ գտնվելով տեղեկատվական պատերազմի պայմաններում, ռուսական մամուլն Ադրբեջանի հետ “ավելի ջերմ” է աշխատում, քան Հայաստանի, և հայկական կողմը շատ բացթողումներ ունի այս ուղղությամբ, որոնք հարկավոր է շտկել։

«Հայաստանում տեղի են ունեցել փոփոխություններ, և դա պետք է պատշաճ կերպով հասցվի ռուսաստանյան գործընկերներին, հասկանալ նոր մոտեցումները, շահերը ներկայացնել, հակառակ դեպքում միշտ այդպիսի թյուրըմբռնում կլինի”, - ասել է Պողոսյանը:

Նա ընդգծել է, որ երկու երկրների բարձրաստիճան ղեկավարները փոխըմբռնման խնդիր չունեն, սակայն այլ ոլորտներում կան խնդիրներ և բացթողումներ, որոնք պետք է վերացվեն ուղղակի քննարկումների և երկխոսության միջոցով:

“Դա երկարատև և մանրակրկիտ աշխատանք է, որ մենք պետք է կատարենք։ Պետք է ակտիվ բանակցություններ վարել և օգտագործել բոլոր մեխանիզմները և բոլոր պետական ինստիտուտները, իսկ դրա համար իշխանության ստորին օղակները պետք է ավելի ակտիվ աշխատեն` նոր նշանակումների նկատմամբ ռուսական կողմի կասկածներն ու անվստահությունը փարատելու համար”, - ասել է Պողոսյանը: