Բավ է պառակտվել
06-12-2022 12:59

ԱՄՆ-ն շարունակում է աշխատել Ադրբեջանից հայ ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ․ պետդեպի ներկայացուցիչ

ԱՄՆ-ը շարունակում է աշխատել բազմաթիվ հումանիտար հարցերի լուծման ուղղությամբ, այդ թվում՝ (Ադրբեջանում պահվող) ռազմագերիների վերադարձի, անհետ կորած անձանց ճակատագրերի պարզման և այլն։ Այս մասին Վաշինգտոնում Հայաստանի ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնը։

ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությանից հայտնում են, որ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել հայ ռազմագերիների հայրենադարձման ուղղությամբ Պետդեպարտամենտի կողմից գործադրվող ջանքերի համար։

Նա նաև ներկայացրել է այն դժվարություններն ու ապրումները, որով անցնում են ընտանիքները՝ նկատի ունենալով նաև տեղեկատվական սադրիչ այն միջավայրը, որը ստեղծվում է ադրբեջանական կողմից։

ՀՀ ՄԻՊ-ը Օլսոնին ներկայացրել է Պաշտպանի հաստատության արտահերթ զեկույցները, որոնցում փաստագրել ու վերլուծել են սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական հարձակման ընթացքում ու դրանից հետո տեղի ունեցած մարդու իրավունքների շարունակական խախտումները, հարձակման ենթարկված համայնքներում ապրող մարդկանց հումանիտար խնդիրները
Զեկույցներում ներառված են նաև պատերազմական հանցագործության այն փաստերը, որոնք Պաշտպանի աշխատակազմը հաստատել է հատուկ մեթոդաբանությամբ, ինչպես նաև հայերնադարձված ռազմագերիների վկայությունների հիման վրա կատարված հետևությունները Ադրբեջանում իրենց պահման ընթացում խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի փաստերի մասին։
Պաշտպանը կարևորել է կատարված հանցանքների համար պատասխանատուների պատասխանատվության ու պատժի անխուսափելիության հարցը՝ անկախ նրանից, թե ինչ ազգություն ունի հանցագործը։