Բավ է պառակտվել
07-10-2020 14:17

Դժվար է կատարել այն պայմանները, որոնք Ադրբեջանն առաջ է քաշում Երևանի հետ բանակցությունների վերսկսման համար․ Բորել

«Եթե գործել ասելով նկատի ունեք ռազմական գործողություն, այն բացառված է» Ժոզեպ Բորելը ԼՂ հակամարտության մասին

Արցախի վերաբերյալ Հայաստանի հետ բանակցություններ սկսելու համար Ադրբեջանի առաջ քաշած պայմանները հազիվ թե իրագործելի լինեն։ Եվրախորհրդարանի նստաշրջանում Արցախի վերաբերյալ լսումների ժամանակ այսպիսի հայտարարություն է արել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Պայմանները, որոնք Ադրբեջանն առաջ է քաշում Հայաստանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսման համար, դժվար իրագործելի են։ «Մտահոգված եմ այն բանով, թե ինչ է ասվել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իմ զրույցում։ Նա ինձ ասել է, որ մարտերը շարունակվելու են մինչև այն պահը, երբ Հայաստանը համաձայնվի Ղարաբաղից դուրս գալու կոնկրետ ժամանակացույցի։ Բանակցությունների վերսկսման համար այդ պայմանը շատ բարդ է, և վիճակն օրեցօր խորանում է», – ասել է Բորելը։

Բորելը Թուրքիայի նախարարի Բաքվում գտնվելը շատ մտահոգիչ է համարել՝ նա լիակատար աջակցություն է հայտնում Ադրբեջանին։

«Շատ բարդ է, իրավիճակը գնալով վատթարանում է։ Դուք բոլորդ կոչ եք անում «գործելու», բայց ես լսեցի շատ քիչ կոնկրետ տարբերակներ «գործել» բայի համար։ Ինչ նկատի ունեք «գործել» ասելով։ Մենք կարող ենք անել այն, ինչ կարող ենք անել՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, կողմերին մղել դադարեցնել կռիվը, և հատկապես ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ չշարունակել միջամտությունը։ Բայց «գործել» ասելով, եթե դուք նկատի ունեք ռազմական գործողությունը, ամբողջությամբ բացառված է։ Մենք պատրաստվում ենք անել այն, ինչ կարող ենք որպես Եվրամիություն՝ մեր ռեսուրսներով, դիվանագիտական արենայում»,- ասաց Բորելն ու կոչ արեց սպասել մինչև դեկտեմբեր, երբ ԵՄ խորհուրդը, ըստ զարգացումների, կվերանայի հարաբերությունները Թուրքիայի հետ։

Եվրախորհրդարանի նստաշրջանի ժամանակ ծավալված բանավեճի ընթացքում եվրոպացի պատգամավորներից շատերն էլ կարծիք հայտնեցին, որ Թուրքիայի նախագահն արցախյան հակամարտությունն օգտագործում է Օսմանյան կայսրությունը մասամբ վերականգնելու, հարևան տարածաշրջաններում Թուրքիայի ազդեցությունը տարածելու համար։

Ֆրանսիացի պատգամավոր Ջերոմ Ռիվիերն իր խոսքում նշեց, որ Էրդողանի նպատակն է վերականգնել օսմանյան կայսրությունը և ԵՄ-ն պետք է սանկցիաներ կիրառի ու պատժի Էրդողանի ռեժիմին։

«Բախումները տարածաշրջանի կայությունը դնում է վտանգի տակ, ոչ մի երկիր չպետք է յուղ լցնի կրակի վրա՝ զենքով, վարձկաններով ու ռազմատենչ հռետորաբանությամբ։ Ոչ մեկ չի հաղթելու, բոլորը կորցնելու են։ Ոչ մի կայսրություն չի կառուցվելու 21-րդ դարում՝ անկախ խելագար երազանքներին»,- ասաց պատգամավորները  ու կոչ արեց Էրդողանին դադարեցնել։

Պատգամավորներ Լեֆտերիս Քրիստոֆորուն էլ հայտարարեց, որ պետք է էմբարգո կիրառել Թուրքիային զենքի վաճառքի նկատմամբ, ինչն արդեն արել է Կանադան։ 

«Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքը, հարձակվել Լեռնային Ղարաբաղում հայերի վրա՝ սիրիացի զինյալների ու Թուրքիայի օգնությամբ։ Այս պատմությունը սարսափելի է։ Մարդկությունը դար առաջ աչք փակեց օսմանցիաների կողմից հայերի, հույների ցեսղասպանությունների նկատմամբ։ Ժամանակն է հստակ ասել, թե ինչ է կատարվում։ Հայերն արժանի են մեր աջակցությանը, ժամանակը եկել է՝ դատապարտել, ինչ Թուրքիան ու Ադրբեջանն անում են, ու ասելու, որ մենք բոլորս հայ ենք ու կանգնած ենք կողք-կողքի»,- ասաց պատգամավոր Լեֆտերիս Քրիստոֆորուն։