Բավ է պառակտվել
29-01-2020 19:09

Զիջումների խնդիրը բանակցության առարկա չէ․Սեյրան Օհանյանի պատասխանը վարչապետին

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը այսօր գումարեց 2020-ին գումարած առաջին նիստը։ Հրավիրված է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Ըստ մամուլի, նրա համար նախապատրաստվել է նվազագույնը 30 հարց։ Մինչ այս՝ հանձնաժողովը լսել է ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի եւ հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանին, ՊԲ ռազմական հետախուզության նախկին պետին, առաջնագծում պատերազմի օրերին մարտական հերթապահություն իրականացրած զինծառայողների, բուժաշխատողի եւ այլոց։ Շուրջ 3,5 կես ժամ տևած համատեղ քննարկումից հետո Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որոշակի տեղեկություններ է փոխանցել կապված ռազմաքաղաքական, օպերատիվ-մարտավարական և մարտավարական օղակներից։ Իսկ այդ տեղեկությունները հետագայում հիմք կհանդիսանան հանձնաժողովի աշխատանքի համար»:
«Դեռ ավելին, մեր բանակի հրամանատարական կազմի, սպաների, ենթակաների շնորհիվ մենք կարողացել ենք հասնել նրան, որ ՀՀ-ի պաշտպանության նախարարության գործողությունները Արցախի բանակի հրամանատարության հետ համագործակցության արդյունքում կարողացել են մարտական գործողությունները կանգնեցնել»,- նշեց Օհանյանը։
Նախկին նախարարը նաև տեղեկացրեց՝ հանձնաժողովի աշխատանքի մեծ մասը հետագայում պետք է փոխանցվի ՊՆ-ին, և հանձնաժողովի փորձագետների ու նախագահի հետ միասին այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ պիտի տանեն:
Օհանյանը վստահեցնում է,որ 2016 թվականից մինչև այսօր ՊՆ-ն բավականին աշխատանքներ տարել է և իր եզրահանգումները՝ կապված քառօրյա պատերազմի հետ, չեն փոխվել. բանակն իր առջև դրված խնդիրները կատարել է։ Օհանյանը նշեց, որ բացթողումների համար Արցախի Հանրապետության ղեկավարությունը որոշումներ ընդունել են և համապատասխան կարգապահական գործոռույթներ են իրականացրել՝ տույժեր, պաշտոններից ազատումներ։Սակայն Օհանյանը շեշտեց, որ զինված ուժերի հրամանատարական կազմն իր անելիքներն իմացել է և իր պարտակաություններն իրականացրել է.
«Նյութատեխնիկական ապահովման շրջանակում որևէ խնդիր չի եղել։ Ուզում եմ հավաստիացնել, որ ավելի ցածր օղակներում բացթողումներ եղել են, դա էլ գալիս է պատերազմի բարդություններից։ Իսկ հրամանատարական կազմը, ենթակաները, նրանց բարոյահոգեբանական մակարդակը, զինված ուժերի պատրաստության համար ուսումնանյութական բազան ապահովել են ոչ միայն մարտավարական, այլ նաև ուրիշ օղակներում գործողություններ վարելը։ Դա երևացել է զորամասերի հրամանատարական կազմի և զինվորների քաջագործություններով։ Դա մեկ օրում չի լինում։ Եթե 2016 թվականին անձնուրաց կռվել է Արցախի ՊԲ-ն, ապա դա տասնյակ տարիների ընթացքում ուսուցման և դաստիարակության ավանդույթների հիման վրա է ձևավորվել»,- նշեց Օհանյանը։

Պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ քառօրյայի ընթացքում եղել են նաև բացթողումներ, սակայն ճակատագրական սխալներ չեն եղել։
Չկա աշխատող մարդ, ով սխալներ թույլ չի տալիս։ Սխալ ունենալը, և այն վերացնելը մեծ թերություն չէ։ Սխալ ունենալը, բայց չվերացնելը, նման է ռազմի դաշտում զորքը անտեր թողնելուն»։
Օհանյանը անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշաինյանի՝ այն հայտարությանը ,ըստ որի ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությամբ։
«Եթե խոսում եք ինչ-որ դավադրության տեսաբանությունից, ապա այստեղ չի կարող լինել այլ դավադրություն, քան թուրք-ադրբեջանական դավադրությունն է: Սրան վերջակետ դրեք»,-ասաց Օհանյանը։
Նախկին նախարարը վարչապետի այլ հայտարությանը ևս անդրադարձավ՝այն որ Սերժ Սարգսյանը համաձայն է եղել Արցախի յոթ շրջանների հանձնմանը։ Օհանյանը նշեց,որ այսօր զիջումների խնդիրը բանակցության առարկա չէ։
«Նախկինում ես ասել եմ՝ յուրաքանչյուր թիզ հողի համար մենք պետք է պայքարենք, և այսօր զիջումների խնդիրը բանակցության առարկա չէ: Եթե խոսքը փաստաթղթերի մասին է, ապա դրանք եղել են ինչ-որ փաստաթղթի շուրջ բանակցելու համար, իսկ տարածքների հանձնման վերաբերյալ իմ հետ երբևիցե ոչ մեկ խոսակցություն չի ունեցել», - ասաց նա:
Հանձնաժողովականները մինչեւ ուսումնասիրության ժամկետի ավարտը պատրաստվում են լսել նաեւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, ՊՆ ռազնական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանին, Սերժ Սարգսյանին եւ մոտ 40 այլ նախկին ու ներկա պաշտոնաստար անձանց։
Հիշեցնենք՝ քննիչ հանձնաժողովն իր աշխատանքներն սկսել է նախորդ տարվա հունիսին։ Ուսումնասիրության համար հատկացվել էր վեց ամիս ժամկետ, սակայն ուսումնասիրության եւ աշխատանքներն ավարտին հասցնելու համար հանձնաժողովը ԱԺ-ից խնդրեց եւս 6 ամիս։

 

 

Արմինե Գևորգյան