Բավ է պառակտվել
07-09-2016 11:55

Նախագահը մինչ ընտրությունները կձեռնարկի փոփոխություններ, ինչին հասարակությունը սպասում է. Ս. Նիկոյան

Երբ Նախագահն անդրադարձավ ազգային համաձայնության իշխանությանը, այդ ելույթից կարելի էր հասկանալ, որ խոսքը վերաբերում է խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվող իշխանությանը. նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե սեպտեմբերից սկսվող քաղաքական նոր շրջանում արդյո՞ք հնարավոր է ազգային համաձայնության իշխանություն ձևավորելու աշխատանքներն արդեն իսկ սկսվեն:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի՝ ՊՊԾ գնդի ներխուժումից և դրան հաջորդած իրադարձություններից հետո մտավորականների ու ազգային գործիչների հետ հանդիպման ժամանակ Նախագահը հայտարարել էր, թե «այս փուլում մեր նպատակը նաև ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո»:

«Ըստ էության, պառլամենտական կառավարման համակարգի դեպքում ձևավորված կառավարությունն արդեն իսկ դառնում է ազգային համաձայնության կառավարություն»,-ասաց Նիկոյանը:

Միաժամանակ ՀՀԿ պատգամավորը նշեց, թե կարծում է՝ այդուհանդերձ փոփոխությունների անհրաժեշտություն կա մինչև ընտրությունները:

«Նաև վստահ եմ, որ Նախագահն ինքը կձեռնարկի փոփոխություններ, ինչին մեր հասարակությունը սպասում է: Ապրիլյան իրադարձություններից հետո «Սասնա ծռերի» հետ կապված իրավիճակը նույնպես իշխանությունների առջև դրեց բոլորվին նոր խնդիրներ»,-ասաց նա:

Նիկոյանի խոսքով՝ ըստ էության բոլոր ոլորտներում հասարակության պահանջի մակարդակը փոխվել է, և իշխանությունը պետք է ադեկվատ քայլերով արձագանքի:

«Ես կարծում եմ, որ մինչև խորհրդարանական ընտրությունները այդ բարեփոխումները հասարակությունը կտեսնի և վստահ եմ, որ ձևավորվող կառավարությունն իրոք կլինի ազգային համաձայնության կառավարություն, իսկ ընտրությունները լինելու են ազգային համաձայնության մթնոլորտում»,-ասաց նա: