Բավ է պառակտվել
19-04-2019 18:11

«Համոզված եմ, որ մարտի մեկի կրակելու հրամանը Ռոբերտ Քոչարյանը չի տվել». Սամվել Բաբայան

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը համարում է, որ Մարտի 1-ի գործը շատ խճճված է։
«Համոզված եմ և գիտեմ, որ հրամանը Քոչարյանը չի տվել։ Պետք չէ մոռանալ, որ մինչ այդ ընտրություններ են անցկացվել, 10 օր է անցել, և իշխանության փոխանցման գործընթաց էր տեղի ունենում», – այսօր, խոսելով Մարտի 1-ի բացահայտման մասին` լրագրողների հետ զրույցում ասել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
Նրա խոսքով` Մարտի 1-ի գործով բոլոր վկաները հայտարարում են, որ հրամանը տվել է մեկը «կառավարության շենքից, ոչ թե նախագահական նստավայրից»։
«Եթե նկատի ունեք՝ ամբողջ քննությունը, որ գնում է ձեր իմացած կատարողների, բոլորը խոսում են կառավարության շենքից, մեկը չասաց՝ Բաղրամյան 26-ից են կանչել: Իսկ էնտեղ ո՞վ էր նստած: Վերցրեք քննությունը, նայեք՝ մեկը չկա, որ ասի՝ ինձ հրավիրեցին Բաղրամյան 26 էս հարցի շուրջ»,- ասաց Բաբայանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008 թ –ին սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Բաբայանը սակայն չնշեց մարտի 1-ի մեղավորների անունները։
Բաբայանն արձագանքեց նաև Վահան Շիրխանյանի հայտնի նամակին վերաբերող հարցին, որում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մեղրու հանձնման վերաբերյալ բանակցելու մեջ: Վերջինս շեշտեց՝ տրամաբանությունն այն է, որ եթե նման հարց գոյություն ունենար, ապա այն պետք է իր հետ նույնպես համաձայնեցվեր, այնինչ, իր հետ նման որեւէ խոսակցություն տեղի չի ունեցել:
<<Ես չգիտեմ՝ Վահան Շիրխանյանն ինչ է ասել, անձամբ չեմ կարդացել: Մեղրին 49 կմ հատված ունի, Ղարաբաղի հսկողության տակ 110 կմ է։ Եթե 1999 թվականին բանակցություններ էին ընթանում, ինչպես իրենք են ասում, որ Մեղրիի այդ 49 կմ հատվածը հանձնեն, ես այնտեղ հրամանատար էի, առանց ինձ այդ 100 կմ-ն կարողանալո՞ւ էին հանձնել։ Ինձ հետ պետք է բանակցեին, չէ՞, ինձ հետ որևէ բանակցություն չի եղել, Մեղրու հարց էլ ընդհանրապես լսած չկամ։ Եթե մի դիպուկահար կրակում է, գալիս ինձ հետ համաձայնեցնում են, կարո՞ղ է Մեղրին հանձնում են՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու։ Ինձ հետ նման խոսակցություն չի եղել: Իմ բառերի տակ ոչ մեկին պաշտպանություն մի փնտրեք: Մի փորձեք իրենց խոսակցությունները իմ վզին փաթաթել, ես չկամ այնտեղ»,-ասաց Բաբայանը: