Բավ է պառակտվել
10-12-2019 15:28

Ուզում եք այդ կանտորայի դատավորներին փոխել ձեր քիմքին հարիր դատավորներով․ Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի անդամների վաղաժամ կենսաթոշակի հնարավորություն տալու հարցը։ Օրենքի ընդունման դեպքում ՍԴ անդամները կարող են հրաժարական տալ, գնալ թոշակի ու ստանալ նույնքան թոշակ, որքան հիմա աշխատավարձ են ստանում։
Քննարկումն անցավ բավականին թեժ։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավորները նշում էին, որ սա պարզապես քաղաքական գործընթաց է և ոչ իրավական։ ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ԱԺ ամբիոնից ցույց տվեց Գեղարքունիքի մարզի մի շարք գործող դպրոցների լուսանկարներ՝ մատնանշելու համար դրանց անմխիթար վիճակը: «Այս դպրոցների նորոգման համար մեր կառավարությունն այս տարվա բյուջեով գումար չի գտել, իսկ հիմա բերել է օրենքի նախագիծ, որը ոտքից գլուխ քաղաքական է՝ բացարձակապես քաղաքական»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ պատգամավորն ասաց, որ իրենց ուշքը չի գնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու ՍԴ մյուս անդամների համար, բայց մենք ուզում ենք, որ մեր երկրում ամեն ինչ լինի իրավական ճանապարհով, ոչ թե քաղաքական: ՀՀ հպարտ քաղաքացիներ, մեզ ու ձեզ առաջարկում են, որ մեր եւ ձեր հարկերից վճարենք Հրայր Թովմասյանին եւ եւս վեց դատավորի, որպեսզի նրանք գնան տուն եւ նստեն՝ ամսական ստանալով 1 375 000 եւ 1 31 000 դրամ…ինչո՞ւ: Այդ ինչպե՞ս եք որոշել: Միայն նրա համար, որ ուզում եք այդ դատավորներին փոխարինել ձեր քիմքին հաճելի դատավորներո՞վ:

Զոհրաբյանը ասաց, որ որևէ իշխանություն մշտական չէ, և եթե դատավորներից որևէ մեկը գայթակղվի այս առաջարկից, պետք է հիշի, որ իշխանության փոփոխությունից հետո ոչ միայն վերադարձնելու է այդ բոլոր գումարները, այլև, ըստ Զոհրաբյանի, ենթարկվելու են քրեական պատասխանատվության։
Իսկ ԲՀԿ –ական մեկ այլ պատգամավոր Շաքե Իսայանը մեջբերեց օրինագծի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եզրակացության հատվածը՝ ՍԴ դատավորներից յոթի միաժամանակյա վաղ կենսաթոշակի անցնելը կարող է խոչընդոտել ՍԴ աշխատանքին, ուստի ՀՀ-ին առաջարկում է վերանայել սխեման՝ այս մտահոգությունը վերացնելու համար:
Պատգամավորը դիմելով հիմնական զեկուցող ԱՆ Ռուստամ Բադասյանին մի իրավիճակ ներկայացրեց․ «Պատկերացրեք, որ ՍԴ մի քանի դատավոր, ասենք՝ յոթը, միաժամանակ անցնում են վաղաժամ թոշակի: Ստեղծվում է մի իրավիճակ, երբ ՍԴ-ն պարալիզացվում է, կեղծ ճգնաժամը վերածվում է իրական ճգնաժամի: Իրական ճգնաժամի ենք գնում, սա՞ է ճանապարհը»:
Ռուստամ Բադասյանը չհամաձայնեց. «Չեմ կարծում, որ կեղծ ճգնաժամ ունենք, շատ իրական է ճգնաժամը: Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է քննարկման առարկա դարձնել այն դեպքը, երբ յոթ դատավոր կանցնի վաղ կենսաթոշակի: Նախատեսել ենք կարգավորում, որ ավելի քան երեք դատավորի՝ վաղ կենսաթոշակի անցնելու դեպքում թափուր տեղի ընտրությունն անցկացվում է 15 օրում»:

Պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ նկատեց, որ սա իրականում կամավոր գործընթաց չէ, ու եթե թիրախավորում չլիներ, իշխող ուժը կարող էր նույնը առաջարկել նաև այլ դատարանների դատավորներին, որոնք նույնպես նշանակվել են նախկին իշխանության կողմից։
Վերջինս դիմելով նախարարին ասաց․ «Պարոն նախարար, հարկատուներից հարցրե՞լ եք՝ նրանք ուզո՞ւմ են չաշխատող դատավորին ամսական մոտ 800 հազար աշխատավարձ տալ։ Վստահաբար կարող եմ ասել՝ ոչ։ Պատգամավորի խոսքով այսօր ՍԴ-ն մնացել է միակ անառիկ ամրոցը, որը գրավելով՝ իշխանությունը կարող է ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչել, այդ թվում՝ Ստամբուլյան կոնվենցիան, մինչդեռ ներկա կազմը դա անել թույլ չի տալիս։ «Այն, որ ՍԴ-ի հարցը բացառապես քաղաքական գործընթաց է, դուք եք խոստովանել»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։
«Իշխանությունների կողմից չսիրված դատավորներին թոշակի ուղարկելու համար փող հատկացնելը մեզ համար անընդունելի է։ Եթե ՍԴ դատավորները կատարել են իրավախախտում, ինչո՞ւ եք խրախուսում նրանց։ Այդ դատավորներին հեռացնում են աշխատանքից, ոչ թե դարձնում էլիտար կենսաթոշակառու։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է պետությունը նրանց ձեռք մեկնում և թույլ տալիս հեռանալ»,- հարց ուղղեց պատգամավորը։
Իսկ Լուսավոր Հայաստան կուսակցությունից Անի Սամսոնյանը հայտարարեց, որ եթե իշխանությունները ուզում են ազատվել ՍԴ դատավորներից, քանի որ նրանք հին համակարգի ներկայացուցիչներ են, ապա ինչո՞ւ նույն տրամաբանությամբ չեն ազատվում, օրինակ գլխավոր դատախազից։ «Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, դեմ եմ, որ իմ հարկերով ՍԴ դատավորները վաղաժամ գնան կենսաթոշակի», - ասաց նա։
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը սակայն նկատեց, որ երկու տասնամյակից ավելի՝ ՍԴ-ն ձախողել է իր սահմանադրական առաքելությունը՝ հովանավորել եւ խթանել է հակաժողովրդավարական զարգացումները»:

Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ նկատեց, որ արդեն որերորդ անգամ կրկնակի ստանդարտներ են կիրառվում:

«Եթե դա տարբեր դեպքերում մեզ տհաճ էր, բայց հիմա դա կոնկրետ բեռ է դառնում քաղաքացիների վրա: Եթե մենք խոսում ենք հին համակարգից մնացած մարդկանց մասին, որոնք վստահություն չունեն, բայց այդ համակարգից, հարգելի՛ իշխանություն, Դուք ունեք նախարարներ, պատգամավորներ ձեր խմբակցությունում, ԿԲ նախագահ, բայց այդ բոլորը ձեզ «ձեռ են տալիս»։ Բայց կա մի կառույց, մի քանի հոգի մարդ, ում ասում ենք եկեք փող տանք, ուղարկենք տուն՝ լուծելու ճգնաժամ, որը կասեմ մտացածին է: Այդ կառույցն աշխատում է, տալիս է այն թղթերը, որոնք ԱԺ-ին պետք են օրենքներն ընդունելու համար։ Այնտեղ միակ չաշխատող մարդը ձեր կողմից նշանակված ՍԴ անդամն է»-նշեց պատգամավորը:
Սակայն «Իմ քայլից» պատգամավոր Սասուն Միքայելյանը ապավինեց ժողովրդական խոսքին՝ «Սահմանադրական դատարանը՝ նախագահի գլխավորությամբ, եթե մի քիչ նամուս ունենար, պետք է արդեն հրաժարական տար։ Թավշյա հեղափոխությունից հետո բնականաբար, պետք է փոխվեր։
Ի վերջո օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 65 կողմ և 33 դեմ ձայներով, որոնց գումարվեցին նաև այն պատգամավորների ձայները, որոնք գտնվելով գործուղման մեջ, իրենց դիրքորոշումը հայտնել են նամակով:

 

Արմինե Գևորգյան