Բավ է պառակտվել
18-05-2022 19:25

Վարչապետի աշխատակազմից մեկնաբանել են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների մասին լուրերը

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը մեկնաբանել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորության մասին մամուլում շրջանառվող լուրերը, ինչպես նաև ընդդիմության՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը։

Ավելի վաղ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մայիսի 9-ին Երևանում կայացած հանրահավաքում ասել էր, որ անհրաժեշտ է երկրում ձևավորել ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որը 1-1,5 տարվա ընթացքում մի շարք հրատապ խնդիրներ լուծելուց հետո պետք է կազմակերպի ազատ, արդար և մրցակցային ընտրություններ՝ երկարաժամկետ կառավարություն ձևավորելու համար։

«Արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին լուրջ դեմքով խոսացող Իշխան Սաղաթելյանին պետք է հիասթափեցնեմ։ Չի լինելու ո՛չ արտահերթ ընտրություններ և ո՛չ էլ վարչապետի հրաժարական»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Չախոյանը, միաժամանակ, նշել է, որ ստիպված է հիշեցնել օրեր առաջ ասած իր խոսքերը։

«Վարչապետի հրաժարականի, արտահերթ ընտրությունների մասին կեղծ լուրեր տարածողներն ավելի շուտ սեփական ծոծրակը կտեսնեն, բայց հրաժարական չեն տեսնի»,- հայտարարել է նա։

Չորեքշաբթի առավոտից Երևանում շարունակվել են անհնազանդության ակցիաները։ Կենտրոնում շարժումը կաթվածահար է եղել, ակցիաներ են անցկացվել նաև Հայաստանի մայրաքաղաքի այլ շրջաններում։ Ժամանակ առ ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև։ Որոշ ժամանակ մետրոն չի աշխատել։ Ոստիկանության բաժիններ են տարվել 364 ակտիվիստ։