Բավ է պառակտվել
23-06-2020 17:05

«էս ոչ թե քաղաքական այլ երջանիկ ապրելու գործընթաց է»։ Հրայր Թովմասյան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը պնդում է` 2015 թվականի Սահմանադրությունը, որի հեղինակներից է նաև ինքը, փոփոխության հնարավորություն չի տալիս` առանց ՍԴ-ի:
«Ես երեկ մեր Ազգային ժողովում տեղի ունեցածի համար որպես իրավաբան, Սահմանադրության հեղինակներից մեկը՝ պարզապես ամոթի զգացողություն ունեմ: Հայաստանում նմանատիպ իրավիճակներում անձը չունի ներպետական համակարգում դատական պաշտպանության իրավունք»,- այսօր լրագրողների հետ ճեպազրուցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:
Անդրադառնալով ԲՀԿ-ի ստորագրահավաքին ու «Լուսավոր Հայաստանի» ղեկավարի հայտարարությանը, թե իրենք նման լիազորություն չունեն, Թովմասյանն ասաց. «Ես ոչ էդմոն Մարուքյանի խորհրդատուն եմ, ոչ էլ «ԱԺ կանոնակարգ» օրենքի փորձագետ եմ, որպեսզի հիմա իրենց խորհուրդ տամ կամ ասեմ՝ ոնց են դիմում, ոնց հասկանան»:
Թովմասյանը նաև հայտարարեց, որ ՍԴ-ն նման փաստաթուղթ չի ստացել, ըստ որի ինքը պետք է զրկվի պաշտոնից և շարունակի աշխատել որպես դատավոր, հետևաբար շարունակելու է աշխատանքի գալ:
Թովմասյանն անուղղակիորեն հակասահմանադրական որակեց խորհրդարանի ընդունած նախագիծը` պնդելով, որ շարունակելու է գալ աշխատանքի:
Հարցին, թե ըստ նրա` այս գործընթացը իրավական է, թե քաղաքական, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Չէ, ինչ եք ասում, երեկ ինչ-որ մեկը հայտարարեց, որ էս գործընթացը երջանիկ ապրելու համար է: Էստեղ քաղաքական բան չկա, սաղ անում են, որ մարդիկ երջանիկ ապրեն»:
Ինչ վերաբերում է իշխանության այն պնդումներին, որ նախագիծը ՍԴ չի ուղարկվել, քանի որ վերաբերում է ՍԴ-ին և շահերի բախում կարող է առաջանալ, Թովմասյանը նկատեց` արդեն իսկ կանխակալ վերաբերմունք կա, որ ՍԴ-ում առաջնահերթ իրենց շահերով են առաջնորդվելու: Ըստ Թովմասյանի, եթե նույն տրամաբանությամբ առաջնորդվեն, ապա շահերի բախում կարող է առաջանալ նաև այն դեպքում, երբ խորհրդարանը փոփոխություն է անում ԱԺ կանոնակարգ-օրենքում, որը վերաբերում է խորհդարանին:
Հարցին, թե տհաճ չէ՞ աշխատել ներկա իշխանությունների հետ, որոնք անընդհատ ասում են, որ Հրայր Թովմասյանը լեգիտիմ չէ, պետք է հեռանա, նա պատասխանեց. «Հրայր Թովմասյանի համար նախկին իշխանություն, նոր ու հին իշխանություն, իրենց ասածները Հրայր Թովմասյանի համար 100-րդական են: Հրայր Թովմասյանը գլուխը կախ, գալիս իր աշխատանքն անում, գնում է»:
Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող հարցն օրակարգ ընդգրկվեց արագացված կարգով հարցին ի պատասխան՝ Թովմասյանն ասաց. «Սահմանադրության 56-րդ հոդվածն ասում է, որ գործը վերսկսվում է կասեցման համար հիմք հանդիսացող հանգամանքների վերացումից հետո: Կասեցման երկու հիմք կար՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի կարծիքները: Մեկը հրապարակվել է ամսի 28-ին, մյուսը՝ ամսի 18-ին: Հաշվի առնելով, որ կորոնավիրուսի հետ կապված Սահմանադրական դատարանի աշխատանքը ևս հեռավար է, տեղեկացվել եմ ամսի 19-ի երեկոյան: Դա ուրբաթ օր էր, ես ե՞րբ պետք է ընդգրկեի, եթե ոչ առաջին իսկ նիստին, իսկ առաջին նիստը երկուշաբթի էր»:

Հարցին, թե տհաճ չէ՞ աշխատել ներկա իշխանությունների հետ, որոնք անընդհատ ասում են, որ Հրայր Թովմասյանը լեգիտիմ չէ, պետք է հեռանա, նա պատասխանեց. «Հրայր Թովմասյանի համար նախկին իշխանություն, նոր ու հին իշխանություն, իրենց ասածները Հրայր Թովմասյանի համար 100-րդական են: Հրայր Թովմասյանը գլուխը կախ, գալիս իր աշխատանքն անում, գնում է»:

 

 

Արմնիե Գևորգյան