Բավ է պառակտվել
24-11-2022 17:16

Հայաստանում ցանկանում են ԱԱԾ-ին հնարավորություն տալ ոչնչացնել արխիվային փաստաթղթերը մինչև գաղտնազերծումը

ՀՀ խորհրդարանն արտահերթ նիստում քննարկել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, ըստ որի՝ ԱԱԾ-ին հնարավորություն կտրվի ոչնչացնել արխիվային փաստաթղթերը մինչև դրանք հրապարակելը։

Օրինագծի այս կետի վրա ուշադրություն դարձրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նիստի ժամանակ նա ասաց, որ գործող նորմերով ԱԱԾ-ն կարող էր միայն գաղտնազերծել փաստաթղթերը, սակայն այժմ կկարողանա դրանք ոչնչացնել մինչև գաղտնազերծումը։ Նա ընդգծեց, որ օրենքը «օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով գաղտնազերծված կամ ոչնչացված» նոր ձևակերպում է պարունակում։

«Ձեր (իշխանությունների) առաջարկած փոփոխությամբ կարող է պատահել, որ մի օր ԱԱԾ պետի որոշմամբ կամ այլ իրավական ակտով արխիվային փաստաթղթերը ոչնչացվեն»,- ասաց նա։

Նախագիծը ներկայացնող ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանն ասաց, որ բարձրացված խնդիրը կարգավորվել է «Պետական ​​և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքով դեռևս 1996թ., որը նախատեսում է ոչնչացման ենթակա փաստաթղթերի պահպանման ժամկետները։ Նա հիշատակեց նաև կառավարության 2002 թվականի փետրվարի 22-ի որոշումը, որը սահմանում է պետական ​​և ծառայողական գաղտնիք պարունակող գաղտնազերծված փաստաթղթերի պետական ​​արխիվ ներկայացնելու կամ ոչնչացնելու կարգը, որոնց պահպանման ժամկետը լրացել է։

Սիմոնյանը նաև ասաց, որ նախագծով առաջարկվում է վերանայել ազգային անվտանգության մարմիններում ծառայության տարիքային շեմը։ Ներկայում այդ շեմը ենթասպայական և սպայական կազմի (մինչև փոխգնդապետի կոչում ունեցող) համար 50, իսկ գնդապետի համար՝ 55 տարեկան է։
Նախագծով ազգային անվտանգության մարմիններում ծառայողների, բացառությամբ բարձագույն սպայական կազմի, սահմանային տարիքը նախատեսվում է ավելացնել 2 տարով։ Հաշվի առնելով բժշկական բնույթի մասնագիտական պաշտոնների համալրման առանձնահատկությունները` առաջարկվում է նախատեսել նշված պաշտոնները զբաղեցնողների ծառայության ժամկետը 5 տարվա փոխարեն 10 տարով երկարաձգելու հնարավորություն

«Նախագծով առաջարկվում է հստակեցնել ԱԱԾ-ի լիազորությունները տեղեկատվական անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներում»,- ասաց նա։

Օրինագծով առաջարկվում է նաև ԱԱԾ տնօրենին իրավունք վերապահել ծառայությունից արձակել դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած այն ծառայողին, որի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել կամ այն դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող և ոչ արդարացնող հիմքերով։