Բավ է պառակտվել
12-07-2022 17:21

Հայաստանում մտադիր են ստեղծել արտաքին հետախուզական մարմին

Հայաստանում պլանավորում են առանձին արտաքին հետախուզական մարմին ստեղծել, «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով խորհրդարանական լսումներին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա հայտնեց, որ կառավարությունը ԱԺ-ի մեր քաղաքական թիմի հետ 3 ուղղությամբ լայնածավալ բարեփոխումներ է իրականացնում: որոնցից մեկը Ոստիկանության բարեփոխումներն են, մյուսը՝ ՊՆ-ի, ԶՈՒ բարեփոխումները:

«Այս բարեփոխումների համատեքստում մենք պլանավորում ենք ստեղծել առանձին արտաքին հետախուզական մարմին: Եվ ԱԽ գրասենյակն արդեն գործընկերների հետ քննարկումներ է սկսել այս նոր կառույցի ձևավորման համար: Ոստիկանության բարեփոխումները այս լայն կոնտեքստում պետք է դիտարկել: Դրա հիմքում դրված է նաև ժողովրդավարական կոնցեպտը»,- ասաց Գրիգորյանը:

Նա նշեց, որ 2018 թվականից կառավարությունը սկսել է անվտանգության ոլորտի ժողովրդավարացման գործընթացը, որը կարևոր է նաև անվտանգության, կայունության և կարողությունների զարգացման տեսանկյունից։

«Անվտանգության համակարգի տեսանկյունից կարևոր ենք համարում Ոստիկանության և ԱԻՆ-ի գործառույթների՝ մեկ նախարարության մեջ լինելը: Անվտանգության խորհրդի նիստերին հաճախ լինում են թեմաներ, որոնք առնչվում են ԱԻՆ-ին, ԱԻՆ-ի գործառույթներ, որոնք առնչվում են պաշտպանությանը: ԱԽ-ում ԱԻՆ-ը ներկայացված չէր: Այժմ այսպիսի բարեփոխումներով նաև արդյունավետություն է ստեղծվում, քանի որ ՆԳ նախարարը, որպես նաև արտակարգ իրավիճակների ոլորտում քաղաքականությունը և գործառույթները համակարգող մարմին, հնարավորություն կունենա ԱԽ-ում քաղաքականության մշակման գործընթացում և ներգրավված լինելու, և հարցերը լուծելու մասով»,- ասաց նա:

Գրիգորյանի համոզմամբ` այս փոփոխությունները դրական ազդեցություն են ունենալու Հայաստանի ժողովրդավարացման գործընթացի վրա:

«Մեր հավատամքն է, որ Հայաստանի կառավարման բոլոր ոլորտներում ժողովրդավարացումը կենսունակ նշանակություն ունի մեր պետության համար: Մենք շարունակելու ենք այս ուղղությամբ շարժվել»,- եզրափակեց նա: