Բավ է պառակտվել
21-07-2022 12:22

Հայաստանն ընդունել է դատաիրավական բարեփոխումների նոր ռազմավարություն

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում ընդունել է դատաիրավական բարեփոխումների նոր ռազմավարություն։

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ասել է, որ այս ռազմավարությունը 2019 թվականի ծրագրի «ժառանգորդն» է, որը չիրականացվեց, այդ թվում՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

Նա նշել է, որ ռազմավարությամբ նախատեսում է բոլոր երեք ատյաններում հակակոռուպցիոն դատարանների շղթայի բոլոր օղակների գործունեության մեկնարկը։

Բացի այդ, ռազմավարության մեջ կարևոր դեր է հատկացվում դատարանների թվայնացման և էլեկտրոնային արդարադատության համակարգին անցնելու գործընթացին։ Թվայնացման գործընթացի շրջանակներում, մասնավորապես, նախատեսվում է, որ ծառայությունները ստանալու համար քաղաքացիները կարիք չեն ունենա դիմելու նոտարական գրասենյակներ, քանի որ դրանք հնարավոր կլինի ձեռք բերել էլեկտրոնային եղանակով։

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում նաև կստուգվի բոլոր գործող դատավորների բարեվարքությունը։ Կստուգվեն նաև քննիչները, դատախազները և իրավապահ մարմինների մի շարք այլ աշխատակիցներ։

Բացի այդ, նախատեսվում է ստեղծել Արբիտրաժային կենտրոն, որը զգալիորեն կբեռնաթափի դատարանները։ Դրա բացումը նախատեսվում է առաջիկա ամիսներին և կաջակցվի պետության կողմից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ բարեփոխումների շրջանակում նախատեսվում է ամբողջությամբ վերանայել սնանկության ընթացակարգերը, ինչը հնարավորություն կտա ավարտին հասցնել նաև երկար տարիներ ձգձգվող գործընթացները։