Բավ է պառակտվել
20-09-2021 13:06

Հայաստանում մեկնաբանել են Էրդողանի՝ իր հետ հանդիպելու Փաշինյանի ցանկության և ՀՀ տարածքով միջանցք բացելու հնարավորության մասին հայտարարությունը

ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանն մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի միջոցով իրեն հանդիպման առաջարկ է արել:

Մանե Գևորգյանը նշում է, որ Թուրքիայի հետ խոսակցության մեկնարկի՝ իր պատկերացումների մասին վարչապետը խոսել է ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում՝ ասելով, որ կարծում է՝ բարձր մակարդակի շփումներին պետք նախորդեն աշխատանքային քննարկումներ, և միջազգային գործընկերներին նույնպես այս պատկերացումն է ներկայացնում:
Ներկայացնում ենք թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցերն ու վարչապետի պաշտոնական ներկայացուցիչ Մանե Գևորգյանի պատասխանները.

Հարց․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ՀՀ վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպման առաջարկ է արել, ի՞նչ կասեք այս մասին:

Պատասխան․ Վարչապետ Փաշինյանն իր բոլոր միջազգային շփումներում գործընկերներին ներկայացնում է կառավարության ծրագրում արձանագրված՝ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու տեսլականը և արտահայտում է այդ ուղղությամբ ջանքեր գործադրելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը: Թուրքիայի հետ խոսակցության մեկնարկի իր պատկերացումների մասին վարչապետը խոսել է ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում, ասելով, որ կարծում է, որ բարձր մակարդակի շփումներին պետք նախորդեն աշխատանքային քննարկումներ և միջազգային գործընկերներին նույնպես այս պատկերացումն է ներկայացնում:
Այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների միջև որևէ շփում տեղի չի ունեցել, չնայած Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների: Այսպիսի արդյունավետ աշխատանքի պարագայում՝ Հայաստանը պատրաստ կլինի նաև բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների:
Հարց․ Թուրքիայի նախագահը կրկին խոսել է Հայաստանի տարածքով միջանցք բացելու խնդրի մասին, ասելով, որ դա քաղաքական հարց է: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Պատասխան․ Վարչապետ Փաշինյանը բազմիցս արտահայտվել է այդ կապակցությամբ: Հայաստանը կարևորում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների ճշգրիտ իրագործումը:
Կոմունիկացիաների բացումը բացառիկ կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում երկարատև խաղաղություն ու կայունություն հաստատելու, տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու համար և Հայաստանը վճռական է այդ ուղղությամբ առաջ շարժվելու և արդյունքներ արձանագրելու գործում: Որոշ հայտարարություններում կոմունիկացիաների վերաբացման թեման վերափոխվում է և ստանում տարածաշրջանային մեկուսացման պահպանման տրամաբանություն:
Միջանցքների մասին խոսակցությունը հենց այսպիսին է և հակասում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու, թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու տրամաբանությանը: Այն նպատակ ունի ոչ միայն մեկուսացած պահել տարածաշրջանի պետությունները և ժողովուրդներին, այլև այդ մեկուսացմանը անշրջելի տեսք տալ:
Բայց կան նաև տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը և թշնամության մթնոլորտի քայլ-առ-քայլ հաղթահարման իրական միջոց կարող են դառնալ: Հայաստանի կառավարությունը հենց նման տարբերակի կողմնակից է և հենց այդ տարբերակն է նկարագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում և հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ:
Հարց․ Ստեղծված պայմաններով որքանո՞վ եք իրատեսական և համարժեք համարում տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը:

Պատասխան․ Ցավոք, գրեթե ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնց նպատակը խաղաղության օրակարգը դելեգիտիմիզացիայի ենթարկելն է, թշնամության մթնոլորտը ոչ միայն խորացնելը այլև այն առավել համակարգված դարձնելը:
Այս և մյուս քայլերն արվում են ի ցույց դնելու խաղաղության անհնարինությունը մեր տարածաշրջանում, բայց Հայաստանի կառավարությունը հետևողականորեն առաջ է տանելու այդ օրակարգը՝ մեր տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելու բոլոր հնարավորությունները օգտագործելով և նոր հնարավորություններ ստեղծելով: Վարչապետ Փաշինյանը բազմիցս է նշել, որ այս ճանապարհին մեզ ամուր նյարդեր են պետք, և արագ ու հեշտ լուծումներ գոյություն չունեն:

Հայաստանի ՊՆ-ն չի մեկնաբանում չպայթած «Իսկանդերների» մասին Փաշինյանի խոսքերը
Վիետնամցի գործարարները պատրաստ են ներդրումներ կատարել Հայաստանում
Զախարովան մեկնաբանել է Ալիևի՝ Հայաստանի հետ «խաղաղ համաձայնագիր» կնքելու հնարավորության մասին հայտարարությունը
Հայաստանը հատկապես մեծ ուշադրություն կդարձնի պաշտպանությանը․ Փաշինյան
Փաշինյանը մեկնաբանել է Ալիևի հետ հնարավոր հանդիպման ժամանակի և տեղի մասին հարցը