Բավ է պառակտվել
09-04-2019 15:37

Հայաստանում կանցկացվի “Արարատ-Հակաահաբեկչություն-2019” լայնածավալ վարժանքը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի (ԱՊՀ ՀԱԿ) ղեկավարի տեղակալ Սերգեյ Դուդկոն երեքշաբթի քննարկել են սեպտեմբերին անցկացվելիք “Արարատ-Հակաահաբեկչություն-2019” վարժանքի նախապատրաստական աշխատանքները։

Ինչպես տեղեկացրել ԱԱԾ մամլո ծառայությունը, ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի պատվիրակությունը Հայաստան է ժամանել բանակցություններ անցկացնելու այս տարվա սեպտեմբերին կայանալիք վարժանքի նախապատրաստման շրջանակներում, որին կմասնակցեն ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունները, Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմական բազան, շահագրգիռ նախարարություններ և գերատեսչություններ։

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել նաև ԱՊՀ մասնակից պետությունների սահմաններում տիրող իրավիճակի և Սիրայում ու Իրաքում լուրջ կորուստներ կրելու հետևանքով միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ռազմավարության փոփոխության արդյունքում ի հայտ եկող սպառնալիքների վերաբերյալ։

Բացի այդ, քննարկվել են ներկա փուլում ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների առջև ծառացած խնդիրներն ու պլանները։ Կողմերը նշել են ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի արտահայտումների դեմ պայքարում Հայաստանի ԱԱԾ-ի և ԱՊՀ ՀԱԿ-ի միջև համագործակցության բարձր մակարդակը։

2006 թվականին ԱՊՀ ՀԱԿ-ի համակարգման ներքո Հայաստանում անցկացվել է «Ատոմ-Հակաահաբեկչություն-2006» հակաահաբեկչական վարժանքը, որի ընթացքում մասնակիցները մշակել են Հայկական ԱԷԿ-ի հակաահաբեկչական պաշտպանության ամրապնդման խնդիրները: