Բավ է պառակտվել
14-05-2020 14:04

ՀՀ–ում Արտակարգ դրությունը երկարաձգվեց 30 օրով

Արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու մասին Կառավարության որոշման քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ պետք է գնան ոչ թե սահմանափակումներ կիրառելու ճանապարհով, այլ՝ արտակարգ դրության պայմաններում մարդկանց փորձեն համոզել, որ պահեն անվտանգության որոշակի կանոններ:
Փաշինյանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ապակենտրոն ռազմավարությամբ, բացի Կառավարության կողմից ձեռնարկվող միջոցներից, կարևոր է յուրաքանչուր քաղաքացու անձնական պատասխանատվության մասնակցությունը:
«Այսօր մեր հետագա անելիքների հետ կապված որոշում պիտի կայացնենք, մենք պետք է գնանք ոչ թե սահմանափակումներ կիրառելու ճանապարհով, այլ՝ արտակարգ դրության պայմաններում մարդկանց փորձենք համոզել, պարտադրել, որ անհրաժեշտ է պահել անվտանգության որոշակի կանոններ, մենք կրկին չպետք է հետ գնանք փակման ռեժիմների», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, թե մարտին ունեին հաշվարկ, որ եթե Հայաստանում իրադրությունը զարգանա իտալական սցենարով, մեկ ամսվա ընթացքում Հայաստանը կունենա 10 հազար մահ։
«Մենք չգիտեինք, համոզված չէինք, որ հենց այդ սցենարով կընթանա ու եթե անկեղծ ասեմ՝ հիմա էլ համոզված չենք՝ այդ սցենարով կընթանա՞, թե՞ չէ», - ասաց ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե պարզվի, որ կա ավելի քան 1500 հիվանդ, ովքեր ունեն կոնկրետ բուժման անհրաժեշտություն, Հայաստանը ստիպված կլինի վերադառնալ սահմանափակումների ռեժիմին։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ քաղաքացիներին առաջարկվելու են պարզ կանոններ, որոնց պահպանման դեպքում երաշխավորում են, որ նրանք չեն վարակվի կորոնավիրուսով: «Դիմակների առկայության պարագան էլ շատ կարևոր է, որովհետև մարտին մենք Հայաստանում ունեինք դիմակների դեֆիցիտ, իսկ այսօր Հայաստանում կա արտադրություն, որը 100 տոկոսով կարող է բավարարել մեր կարիքները և դեռ մի բան էլ արտահանել: Պարետատունը հիմա քննարկում է հարցը, թե արդյոք պե՞տք է մտցնենք փակ տարածքներում և բաց տարածքներում դիմակների կրման պարտադիր պայման: Այդ հարցը կքննարկվի և որոշում կկայացվի»,- տեղեկացրեց Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ այդ կանոնների պահպանման համար առանձնահատուկ պատասխանատվություն պետք է դրվի Հայաստանում գործող հանրային սննդի օբյեկտների վրա:

 

 

Արմինե Գևորգյան