Բավ է պառակտվել
07-09-2022 21:19

Հայաստանն արդյունավետ է գնահատում Կանզաս նահանգի հետ պաշտպանական ոլորտում համագործակցությունը

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 6-ին այցելել է Կանզաս նահանգում գործող Սալինայի ուսումնական կենտրոն (Կանզաս նահանգ)։ Նրան ուղեկցում էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ուսումնական կենտրոնում Պապիկյանը Կանզասի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարի հետ քննարկել է Հայաստանի և Կանզասի համագործակցությանն առնչվող հարցեր։

Պաշտպանության նախարարը բարձր է գնահատել համագործակցության ներկա մակարդակը՝ ընդգծելով խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության ու վարժանքների, ինչպես նաև ռազմաբժշկության ոլորտներում առկա մեծ ներուժը։

Գեներալ-մայոր Վեյշարն իր հերթին նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ Կանզասի ավանդական գործընկերն է և պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանքեր գործադրել համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։

Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել Սալինայի ուսումնական կենտրոնում, ծանոթացել ուսումնական գործընթացին, հետևել զորավարժությունների ընթացքին։