Բավ է պառակտվել
26-11-2018 11:11

Հայաստանում մեկնարկել է կուսակցությունների նախընտրական “պայքարը”

Երկուշաբթի օրը Հայաստանում մեկնարկել է Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական արշավը։

Բոլոր կուսակցությունները և դաշինքներն ակտիվ ներքաշվել են նախընտրական մրցավազքի մեջ։ Մեկնարկել է հանրությանն ընտրական ծրագրերը ներկայացնելու և երկրով մեկ ընտրողների հետ հանդիպումների գործընթացը:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ նախօրեին դիմել է հայրենակիցներին։ Նա գալիք ընտրություններն անվանել է Հայաստանի քաղաքական կյանքի կարևորագույն իրադարձություն ապրիլ-մայիսյան մեծ փոփոխություններից հետո` ընդգծելով, որ դրանց արդյունքները շատ կարևոր են երկրի զարգացման և հեռանկարների առումով:

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ քարոզարշավի առաջին օրվանից արձակուրդ է վերցրել նախընտրական արշավին լիովին մասնակցելու նպատակով։

Նախընտրական քարոզարշավը կավարտվի դեկտեմբերի 7-ին։ Ընտրություններից մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 8-ին երկրում կհայտարարվի լռության օր։

Այս տարվա հոկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել խորհրդարանի լուծարման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար: Նոյեմբերի 1-ին արտահերթ նիստի ժամանակ պատգամավորները երկրորդ անգամ չեն ընտրել վարչապետ, և Սահմանադրությանը համապատասխան խորհրդարանը լուծարվել է իրավունքի ուժով: Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր է նշանակել 2018 թ. դեկտեմբերի 9-ը։

Ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ն գրանցել է 11 քաղաքական կուսակցություն և դաշինք։ Դրանք են՝ “Իմ քայլը” դաշինքը, “Բարգավաճ Հայաստան” , “Ազգային առաջընթաց”, “Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ” կուսակցությունները, “Սասնա ծռեր” համահայկական կուսակցությունը, “Օրինաց երկիրը”, “Մենք” կուսակցությունների դաշինքը, “ՀՅԴաշնակցությունը, “Լուսավոր Հայաստանը”, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և “Քաղաքացու որոշում” սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։